Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները բողոքի ակցիա անցկացրին

Այսօր Մաշտոցի պողոտայի վրա Փակ շուկայի առջև կրկին հավաքվել էին հազարից ավելի մարդիկ, որոնց բոլորին միավորում էր հիացմունքը Ազգային ժողովի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նկատմամբ։

Նրանք ժամը 13-ին մինչև 16-ր համարյա միալար բղավում էին «Ալեքսյանյան՝ բարերար», «Ալեքսանյան կառուցող», «Մենք ուզում ենք աշխատատեղեր», «Բացեք Փակ շուկան» և այլն։

Հավաքվածների մի մասն ասում էր, որ պատահաբար անցնելիս կանգնել ու միացել է ակցիային, բայց նաև միանգամից սկսում էին գովեստի խոսքեր հնչեցնել նորոգված Փակ շուկայի ու Ալեքսանյանի հասցեին։ Նրանց մեծ մասը չէր թաքցնում, որ աշխատում է տարբեր «Երևան սիթիներում», մի մասը նաև «Կայզեր» սուպերմարկետում։ Ասում էին, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մեծ բարերար է, նրա շնորհիվ իրենք աշխատանք ունեն, եկել են պահանջելու, որ բացվի «Երևան սիթի» նաև Մաշտոցի պողոտայի վրա։

Երևանի փոխոստիկանպետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հավաքն իրազեկվա՞ծ է, քանի որ մասնակիցների թիվը ակնհայտորեն անցնում էր 100-ը։

«Ոչ իրազեկված չէ, բայց համապատասխանում է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին, շտապ հավաքների հոդվածի տակ է ընկնում, ինչպես տեսնում եք, կարգ չեն խախտում, քաղաքացիները ուղղակի իրենց կարծիքն են արտահայտում»,- ասաց Օսիպյանը։

Հավաքվածներին շշերով ջրեր էին բաժանում, նրանցից մի քանիսն էլ ասացին, որ իրենց տաքսիներ են տրամադրել այստեղ գալու համար։ Ոչ ոք չասաց, թե իրենց խնդրել կամ պարտադրել են գալ այստեղ, նման հարցի արձագանքում էին արգեսիվ։

Ընդհանուր առամամբ, տարածքում տիրում էր լարված մթնոլորտ. եթե որևէ մեկը հավաքված մարդկանցից տարբեր կարծիք հայտներ Փակ շուկայի և Սամվել Ալեքսանյանի հասցեին, նրա կսպառնային ու դուրս կհրավիրեին տեղանքից։ Մի երիտասարդ աղջիկ, ով ոչ լրագրող էր, ոչ էլ Ալեքսանյանին սատարողներից, մոտեցել էր ամբոխի մատույցներին, նրա հետ միանգամից վեճի բռնվեցին, հնչեցին վիրավորանքներ, երիտասարդ աղջիկը հեռացավ լաց լինելով։

Մի կին էլ սպառնաց ինձ, երբ լսեց, որ ես կողքիս կանգնած կնոջը հարցնում եմ, թե ո՞վ է խնդրել նրան այստեղ գալ. -«Կոկորդդ կքերեմ»,- ասաց ագրեսիվ կինը։

Նրա սպառնալիքի մասին հայտնեցինք փոխոստիկանապետին, ով ԱԺ պատգամավորին սատարելու եկած կնոջը խնդրեց սպառնալիքներ չհնչեցնել, ասաց նաև, որ պատրաստ է նրան բաժին հրավիրել մեր բողոքի դեպքում։

Նշենք նաև, որ շուկայի ճակատին կախված էր «Նախախորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի նկարով պաստառ, որի տակ գրված էր, որ նա մասոն է: Եղնուկյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դիմելու է ոստիկանություն՝ իր հանդեպ ատելություն սերմանելու համար։

«Դա քրեական արարք է, և պատասխանատվության պետք է ենթարկվեն պատկան մարմինների կողմից»,- ասաց Եղնուկյանը։

Ակտիվիստները, ովքեր ծրագրել էին Փակ շուկայի առջև այսօր ակցիա անել ժամը 1-ին, շուկայի տարածք այդպես էլ չգնացին։ Ակտիվիստ Եղիա Ներսեսյանն ասաց՝ վստահ է, որ իրենց համար այսօր շուկայի տարածքում անվտանգ չէ։

Այսօր շուկայի առջև հավաքված քաղաքացիներից Ռազմիկ Դավթյանը չթաքցրեց, որ ակցիան կազմակերպել են շուկայի հարցերով զբաղվող ակտիվիստների դեմ ու հատուկ են ընտրել այն ժամը, երբ վերջիններս այստեղ պետք է գային։

Ի դեպ, այսօր Փակ շուկային խնդրին անդրադարձել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ հայտարարելով, որ խնդրով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, այլ ոչ թե նախարարություններն ու քաղաքապետարանը։

«Այլևս ակնհայտ է, որ Ծածկած շուկայում իրականացված շինարարությունն ապօրինի է, ինչը հաստատող հայտարարություններով բազմիցս հանդես են եկել ՀՀ քաղաքաշինության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները: ՀՀ քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսված ինչպես ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից կրկնակի վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո ապօրինի շինության կառուցումը չդադարեցնելու համար, այնպես էլ պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ չձեռնարկելու համար: Իրավապահ մարմինների կողմից մերժվել է քրեական գործի հարուցումը թե´ վերը նշված, և թե´ պատմության և մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու հանցագործությունների դեպքերի կապակցությամբ, սակայն այդ որոշումների հիմնավորվածությունը վիճարկվելու է նաև դատարանում: Մարդու իրավունքների պաշտպանն ակնկալում է նախ` դատարանի կողմից քրեական գործերի հարուցումը մերժելու մասին որոշումների հիմնավորվածության մանրակրկիտ և անկողմնակալ ստուգում, երկրորդ` այս օրերին հուշարձանի մոտ իրականացվող բողոքի ակցիայի մասնակիցների բոլոր իրավունքների և օրինական շահերի, այդ թվում` անձնական անվտանգության և անձեռնմխելիության պաշտպանություն ոստիկանության կողմից»,- հայտարարում է օմբուդսմենը։