Տիգրան Սարգսյան․ «Հալեպից մեծ արտագաղթ է տեղի ունենալու»

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթի ժամանակ, արխիվ

Հայաստանը պետք է պատրաստ լինի վատագույն սցենարների և իրադարձությունների տարբեր զարգացումների: Այս մասին կիրակի օրը Ստեփանակերտում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով Սիրիայում հնարավոր արտաքին ռազմական միջամտությանը:

«Մենք տեսնում ենք, որ Հալեպից մեծ արտագաղթ է տեղի ունենալու: Հասկանալի է, որ մենք պետք է պատրաստ լինենք նաև իրադարձությունների այնպիսի զարգացմանը, որ պետք է կարողանանք ընդունել նաև սիրիահայերին», - ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով, սիրահայերը պետք է կարողանան շրջափակումից ինչ-որ կերպ դուրս գալ, և այդ խնդիրն իրենք քննարկում են նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Ղարաբաղի իշխանությունները, հիշեցնենք, նախկինում տարբեր առիթներով հայտարարել են, թե պատրաստ են Սիրիայում իրադարձությունների առավել սրման և սիրահայերի մեծ արտահոսքի պարագայում ցանկացողներին ընդունել Լեռնային Ղարաբաղում և նրանց համար ապահովել անհրաժեշտ կենսապայմաններ:

Նշենք նաև, որ Տիգրան Սարգսյանը Սիրիայում տիրող իրավիճակի մասին խոսել է Արցախի պետական համալսարանում կայացած հանդիպման ժամանակ՝ պատասխանելով ուսանողներից մեկի հարցին:

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում սիրահայերի հնարավոր ներհոսքին առնչվող հարցերին էին անդրադարձել նաև Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Հայաստանի Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, մասնավորապես, նշել էր, թե «ռազմական միջամտության վտանգն արդեն ակներև է, և օր առաջ խիստ օպերատիվ կերպով պետք է մտածել մեր հայրենակիցներին տարհանելու և նրանց անվտանգությունը ապահովելու մասին»:

ՀՅ Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն էլ նշել էր, թե չի պատկերացնում, որ Սիրիայի բնակչությունը կարող է ռմբահարումների թիրախ դառնալ։

«Եթե լինեն հարվածներ, ապա առավել հավանական է, որ դրանք կլինեն ռազմական ստորաբաժանումների և զինապահեստների ուղղությամբ։ Հետևաբար այս պահին սիրիահայության տարհանման մասին խոսակցությունները կարող են ավելորդ խուճապ ստեղծել», - ասել էր Մանոյանը:

Օրերս անդրադառնալով անհրաժեշտության դեպքում սիրիահայերին օպերատիվ կերպով տարհանելու և Հայաստան բերելու հնարավորություններին՝ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել էր, թե արտակարգ իրավիճակների նախարարությունը, իր առաքելությանը հավատարիմ, պատրաստ է անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել, սակայն, դրա համար նախ քաղաքական որոշում է պետք: