Արգիշտի Կիվիրյանի հարցաքննության 3-րդ փորձը ևս ձախողվեց

Your browser doesn’t support HTML5

Այսօր հարցաքննության հրավիրված «Արմենիա Թուդեյ» կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ցուցմունք չտվեց:
Նա ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես վկա հրավիրվել էր ՀՔԾ:

Արգիշտի Կիվիրյանի հետ ՀՔԾ մտնելու փորձ արեցին նրա 30 փաստաբանները, սակայն փաստաբաններին անցագիր չտվեցին: Այդ պատճառով հարցաքննության 3-րդ փորձը ևս ձախողվեց:

Ավելի վաղ՝ անցյալ կիրակի, Արգիշտի Կիվիրյանը հրավիրվել էր ոստիկանության Արաբկիրի բաժին, սակայն «քննիչի զբաղվածության» պատճառով հետաձգվել էր հարցաքննությունը: Երկու օր առաջ ևս Կիվիրյանի հետ Հատուկ քննչական ծառայություն էր եկել 30 փաստաբան, նրանց մասնակցությունը հարցաքննությանը հնարավոր չէր եղել ապահովել:

Այսօր Արգիշտի Կիվիրյանը քննիչ Լևոն Մելքոնյանի հետ հեռախոսազրույցում ասաց, որ հաստատակամ է իր բոլոր փաստաբանների ներկայությամբ ցուցմունք տալու հարցում:

Արգիշտի Կիվիրյանը լրագրողներին փոխանցեց քննիչի դիրքորոշումը․ - «Համառորեն չի ցանկանում իմ փաստաբանների համար ապահովել անցաթուղթ: Ինչպես որ մինչ օրս գործել են ապօրինաբար, նույն այդ ապօրինությունները շարունակվում են»:

Ի վերջո փաստաբաններից միայն մեկը՝ Լուսինե Սահակյանը Կիվիրյանի հետ մտավ Հատուկ քննչական ծառայություն՝ պայմանով, որ հնարավորություն ստեղծվի քննչական գործողությանը մյուս փաստաբանների ներկայությունը ևս ապահովելու համար:

Մոտ մեկ ժամ անց Արգիշտի Կիվիրյանը, դուրս գալով Հատուկ քննչական ծառայությունից, հայտարարեց՝ քանի որ չեն ապահովվում պայմաններ իր բոլոր փաստաբանների մասնակցությամբ ցուցմունք տալու համար, ուստի ցուցմունքը կգրի և կուղարկի ՀՔԾ:

Հիմա արդեն 150-ից ավելի փաստաբան պատրաստակամություն է հայտնել միանալ ակցիային: Փաստաբանների պալատի անդամները 1000-ից ավելին են:

Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ առայժմ նախընտրում են փաստաբանների մի մասի ներկայությունն ապահովել․- «Չեմ կասկածում, որ բոլոր փաստաբանները այսպիսի միջոցառման կմիանան»:

Փաստաբան Երվանդ Վարոսյանի համոզմամբ, եթե Հատուկ քննչական ծառայությունը մտադրություն ունենար, կարող էր պայմաններ ապահովել Արգիշտի Կիվիրյանի հարցաքննությանը փաստաբանների ներկայությունն ապահովելու համար․ - «Դա վարույթ իրականացնող մարմնի խնդիրն է: Եթե չի կարողանում ապահովել, մենք այլ ձևերով կհասնենք նրան, որ Արգիշտի Կիվիրյանի դիրքորոշումը այնուամենայնիվ քրեական գործում հայտնվի»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ հնարավո՞ր է ՀՔԾ-ն համարի, որ Արգիշտի Կիվիրյանը խուսափում է ցուցմունք տալուց, Վարոսյանը պատասխանեց․ - «Եթե ցուցմունք տալու ցանկություն Արգիշտի Կիվիրյանը չունենար, ինքը կարող էր հանգիստ հրաժարվել ցուցմունք տալուց: Այն, որ Արգիշտի Կիվիրյանը ներկայացել է այսօր նախաքննական մարմին, բոլորս տեսանք»:

Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղարը «Ազատություն» ռադիոկայանի հարցերին ի պատասխան ասաց, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դեռ ասելիք չունի:

Իսկ փաստաբանները «հետապնդում» են որակում Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ իրավապահների վերաբերմունքը՝ վկայակոչելով հանգամանքը, որ թեև նա է հաղորդում ներկայացրել իր նկատմամբ բռնությունների մասին, մինչ օրս այդ հաղորդման հետևանքով դեռ քրեական գործ չի հարուցվել: Փոխարենը ոստիկանի ծանուցագրի հիմքով անմիջապես հարուցվել է քրեական գործ: Փաստաբանները պնդում են, որ Արգիշտի Կիվիրյանին պետք է հարցաքննել որպես տուժող:

Փաստաբան Լուսինե Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «տարօրինակ» որակեց օգոստոսի 24-ի դեպքերի կապակցությամբ ոստիկանությունում հարուցված քրեական գործը և դրա ընթացքը: Լուսինե Սահակյանը հայտնեց, որ փաստաբանները պատրաստվում են բողոքարկել ոստիկանության դասակի հրամանատարի զեկուցագրի հիմքով քրեական գործ հարուցելու մասին որոշումը:

«Ակնհայտ է, որ Հատուկ քննչական ծառայությունն էլ շահագրգռված չէ, որպեսզի այս գործով օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնի: Միայն այն հանգամանքը, որ Արգիշտի Կիվիրյանը հնարավորություն է ունեցել դատաբժշկի ներկայանալ միայն երեկ, արդեն իսկ խոսում է այն մասին, որ արդյունավետորեն քննություն չեն իրականացնում», - մանրամասնեց Լուսինե Սահակյանը:

Ի դեպ, Արգիշտի Կիվիրյանն այսօր բացարկ է հայտնել Հատուկ քննչական ծառայությունում գործը քննող քննիչին:

Հատուկ քննչական ծառայության շենքի մոտ այսօր քաղաքացիները կազմակերպել էին բողոքի ակցիա՝ աջակցելով Արգիշտի Կիվիրյանին: