Հարյուր փաստաբան պատրաստ է պաշտպանել Արգիշտի Կիվիրյանին

Գլխավոր դատախազության շենքի մոտ այսօր հավաքվել էին մոտ 30 փաստաբաններ, ովքեր պատրաստակամություն էին հայտնում պաշտպանել «Արմենիա Թուդեյ» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի շահերը:

Երեկ Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էր, որ օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում Արգիշտի Կիվիրյանին բերման ենթարկելիս ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնության փաստով քրեական գործ է հարուցվել: Այս դեպքի հետ կապված Արգիշտի Կիվիրյանը ևս հաղորդում էր ներկայացրել ոստիկանությանը և ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից, Արգիշտի Կիվիրյանի հաղորդման կապակցությամբ դեռ քրեական գործ չի հարուցվել:

Գլխավոր դատախազության մոտ հավաքված փաստաբանները, ովքեր պատրաստվում էին Կիվրյանի հետ ներս մտնել, հայտարարում էին, որ միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա մեղադրանք առաջադրելը արգելված է:

Փաստաբանները նշում են, որ մոտ հարյուր փաստաբաններ համաձայնություն են տվել պաշտպանել Արգիշտի Կիվիրյանի շահերը:

Փաստաբանները իրենց հետ պաստառ էին բերել, որի վրա գրված էր՝ «Թույլ չենք տա նոր քաղբանտարկյալ»:


Անուշ Մարտիրոսյան