Նախագահը այցելել է կրթության և գիտության նախարարություն

Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է կրթության և գիտության նախարարություն, ծանոթացել աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ, այնուհետև հանդիպում է ունեցել նախարարության ղեկավար անձնակազմի՝ փոխնախարարների, աշխատակազմի ղեկավարի, վարչությունների և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Նախագահը խոսել է նախարարությունում և նրան ենթակա պետական հաստատություններում աշխատանքային պայմանների բարելավման, սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ պետական քաղաքականության առաջիկա ծրագրերի, մրցունակ, որակյալ կադրեր պատրաստելու և միաժամանակ հայրենասեր քաղաքացիներ կրթելու ուղղությամբ ոլորտի պատասխանատուներից ակնկալիքների մասին:

«Կարծում եմ, տեղյակ եք, որ մենք 2014 թվականից անցնում ենք աշխատավարձերի ամենամյա բարձրացման գործելաոճին, եթե կարելի է այդպես ասել: Ընդ որում, բարձրանալու են և՛ նվազագույն աշխատավարձը, և՛ աշխատանքի համար վարձատրությունը: 2017 թվականին մենք հասնելու ենք 90 հազար նվազագույն աշխատավարձի», - նշել է Սերժ Սարգսյանը և շարունակել․ - «Հիմա մի փոքր դժվարանում եմ ասել, թե որքան է լինելու գլխավոր մասնագետի կամ բաժնի վարիչի աշխատավարձը, բայց վստահորեն կարող եմ ասել, որ 2014 թվականի հունվարի 1-ից, օրինակ, նախարարության գլխավոր մասնագետն ստանալու է 200-280 հազար դրամ աշխատավարձ, բաժնի պետը, եթե չեմ սխալվում, 280-350 հազար դրամ աշխատավարձ՝ կախված աշխատանքային ստաժից: Դա զուտ հաշվարկային աշխատավարձն է: Կարծում եմ, բնական է, որ դրան ավելանալու են նաև տնտեսումներից գոյացող պարգևատրումները, որոնք մշտապես կան: Սոցիալական փաթեթներն էլ ենք ընդլայնելու»:

«Այսինքն՝ մենք 2018 թվականին պետք է գանք հասնենք աշխատավարձի մի մակարդակի, որը պետական ծառայողին հնարավորություն է տալիս իր աշխատավարձով ապահովելու իր ընտանիքի նվազագույն կարիքները: Կան տարբեր ծրագրեր. օրինակ, քաղաքացիական ծառայողների, ընդհանրապես, պետական ծառայողների համար բնակարանային պայմանների բարելավման ծրագիր: Մոտավորապես այնպիսի ծրագրեր, ինչպիսիք հիմա իրականացնում ենք երիտասարդական տարբեր խմբերի համար: Այսինքն՝ շատ լավ, շուկայականից ավելի ցածր գներով և վարկավորման միջոցով ավելի լավ պայմաններ ապահովող բնակարանի տրամադրում: Առողջապահական ապահովագրություն ապահովել ենք, բայց պետք է այն հասու դարձնենք բոլոր կարգի ծառայողներին: Եվ այլ ծրագրեր էլ կան», - ասել է նախագահը՝ հավելելով․ - «Բայց այս ամենը չի կարող լինել ինքնանպատակ: Մենք պետք է կարողանանք այս միջոցներն օգտագործել արդյունավետ: Այսինքն, եթե մենք ավելացնում ենք միջոցները տեխնիկական վերազինման կամ ծրագրեր իրականացնելու համար, մի կողմից մենք այդ միջոցներով պետք է ավելի մեծ աշխատանք կատարենք, մյուս կողմից՝ այդ տեխնիկական զինվածությունը և մանկավարժի կամ պետական ծառայողի աշխատավարձի բարձրացումը պետք է բերեն արդյունքի՝ կարողանանք պատրաստել մրցունակ մասնագետներ: Կարծում եմ, մենք այստեղ դեռևս բավականաչափ անելիքներ ունենք»:

Սարգսյանը պատասխանել է նախարարության ղեկավար անձնակազմի մի շարք հարցերի, որոնք վերաբերել են երկրի անվտանգությանը, պաշտպանությանը, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը, Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանն ու ժողովրդավարական գործընթացներին, պետություն-մասնավոր հատված համագործակցության համատեքստում տնտեսության մեջ գիտական նվաճումների ներդրմանը, ներքին և արտաքին քաղաքականության խնդիրներին:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ մոտակա ամիսների ընթացքում այցելելու է նախարարություններ ու գերատեսչություններ և նման հանդիպումներ է ունենալու նաև պետական այդ մարմինների ղեկավար անձնակազմերի հետ: «Կարծում եմ, ճիշտ կլինի, որ մեր ղեկավար կազմն անձամբ ինձնից լսի մեր երկրի զարգացման հետ կապված հարցերի պատասխանները, իմ կարծիքը, մոտեցումները քաղաքական գործընթացների և իմ գնահատականները՝ որոշակի իրադարձությունների մասին», - ասել է նա: