Օբաման դեռևս որոշում չի կայացրել Սիրիայի հարցով

Միջերկրական ծով - Ամերիկյան ռազմական օդանավերը ավիակրի վրա, հունիս, 2013թ․

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման դեռևս Սիրիային հարվածելու վերաբերյալ որոշում չի կայացրել:

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին ժամեր առաջ հրավիրված ճեպազրույցում տեղեկացրել է, որ Օբաման շարունակում է գործողությունների տարբերակները քննարկել Ազգային անվտանգության խորհրդի հետ և որոշում կայացնելու դեպքում հանդես կգա հայտարարությամբ։

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունն էր երեկ հայտարարել, որ եթե նախագահը հրաման տա, ապա ԱՄՆ-ի զինված ուժերը պատրաստ վիճակում են` Սիրիային հարվածելու համար:

Պաշտոնական Վաշինգտոնը պնդում է, որ իրենք անհերքելի ապացույցներ ունեն Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ:

Ֆրանսիան ևս պատրաստակամություն է հայտնում «պատժել» քիմիական զենք կիրառողներին և ավելացնել սիրիացի ապստամբներին տրվող ռազմական օգնությունը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ աշխարհը չի կարող անտարբեր մնալ Սիրիայում ստեղծված այս իրավիճակի նկատմամբ։