Սերժ Սարգսյան․ Կրթությունը զինված ուժերից ոչ պակաս կարևոր է

Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթի ժամանակ, արխիվ

«Մեր երկրի զարգացման կարևորագույն ուղղությունն է կրթությունը: Ոչ պակաս, քան զինված ուժերը», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ընդունելով անցած ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած, ինչպես նաև տարբեր օլիմպիադաներում հաջողությունների հասած Երևանի և մարզերի բազմաթիվ աշակերտների և ուսանողների:

«Հավատացեք՝ մեր երկիրն ամեն ինչ անելու է, որպեսզի գիտությունը, կրթությունը Հայաստանում զարգանան», - ասել է Սերժ Սարգսյանը:

Նա հայտնել է, որ մի քանի ամիս առաջ հանձնարարել է կառավարությանը միջոցներ ձեռնարկել, որպեսզի ոչ մի լավ սովորող ուսանող սոցիալական պայմանների պատճառով չզրկվի կրթություն ստանալու իր իրավունքից: «Եվ արդեն այս տարվանից գործում են մի շարք ծրագրեր: Ծրագրեր, որոնք ընդհանրական են, նախատեսված են բոլորի համար, և ծրագրեր, որոնք արդեն գործում են սոցիալապես անապահով ուսանողների համար», - նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ նշել է Սերժ Սարգսյանը: