Միգրանտների թեման մոսկվացիների թիվ մեկ խնդիրն է դարձել ընտրություններից առաջ

Ռուսաստան - «Ռոդինա» կուսակցության կողմնակիցների ցույցը ի պաշտպանություն ապօրինի միգրանտների ճամբարների, Մոսկվա, 15-ը օգոստոսի, 2013թ․

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության մեկնաբանի վերլուծությունը վկայում է, որ ընդամենը ամիսներ առաջ այդ խնդիրը երկրորդ տեղում էր:
Մոսկվացիներին մտահոգող թիվ մեկ խնդիրը այժմ` քաղաքապետի ընտրությունների նախաշեմին, անօրինական միգրանտների հարցն է, սակայն դեռ այս տարվա ձմռանը անօրինական միգրանտները Ռուսաստանի մայրաքաղաքի բնակիչներին շատ ավելի քիչ էին հուզում, քան սեփական քաղաքի ճանապարհատրանսպորտային խնդիրները: Այդ է վկայում ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության մեկնաբան Կոնստանտին Բոգդանովի վերլուծությունը:

Մոսկվացիների շրջանում 2012 թվականի աշնանն ու 2013-ի ձմռանը արված հարցումները հստակորեն ցույց են տալիս` միգրանտների հարցը երկրորդ տեղում է, իսկ առաջին տեղում՝ շատ մեծ տարբերությամբ, Մոսկվայի ճանապարհատրանսպորտային խնդիրներն են:

Օրինակ, 2012-ի հոկտեմբերին Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի հարցումը ցույց էր տվել, որ մոսկվացիների 65 տոկոսը տրանսպորտային խնդիրներն են առաջնային համարել, իսկ միգրանտներին` միայն 22 տոկոսը: Նման պատկեր է արձանագրել նաև Հասարակական կարծիքի հիմնադրամը 2013 թվականի փետրվարին` համապատասխանաբար 55 և 32 տոկոս:

Սակայն արդեն հուլիսին արված հարցումները ցույց են տալիս, որ միգրանտների հարցը շատ ավելի հրատապ է դարձել մոսկվացիների համար, քան ճանապարհներին նրանց ամենօրյա տառապանքը:
Հուլիսի սկզբին «Լևադա» կենտրոնի անցկացրած հարցումները ցույց են տալիս, որ կես տարում իրավիճակը շրջվել է գլխիվայր՝ միգրանտների խնդիրը առաջնային համարողների թիվը 55 տոկոս է, իսկ ճանապարհներն ու հանրային տրանսպորտի վիճակը միայն 38 տոկոսն է խնդիր համարել:

Այլ հարցումներ ևս ցույց են տալիս, որ Մոսկվայի քաղաքապետի ընտրություններից առաջ անօրինական աշխատանքային միգրանտների թեման դարձել է մոսկվացիների թիվ մեկ խնդիրը:

Իսկ ի՞նչ կլինի, երբ նախընտրական քարոզարշավն ավարտվի, հարցնում է հոդվածագիրը և մանրամասնում` անօրինական միգրանտներին ասենք թե կարելի է «հաղթել» կամ համենայն դեպս այդ մասին հանդիսավոր կերպով հայտարարել, ինչպես արդեն անում են ոստիկանական պաշտոնյաները հերթական շուկայում ստուգումներից հետո, սակայն դրանից ո՛չ ճանապարհների վիճակը կլավանա, ո՛չ հանրային տրանսպորտը կսկսի լավ աշխատել: Դրան էլ գումարվում է աճող դժգոհությունը կրթության, առողջապահության ոլորտներից, իրավապահ մարմինների գործունեությունից: «Եվ այդ ժամանակ քաղաքացիներին պատասխանել, որ մենք լուծել ենք միգրանտների հարցը, շատ անհարմար կլինի», - եզրափակում է հոդվածագիրը: