2012-ին Հայաստանում ավտովթարների հետևանքով 311 մարդ է զոհվել

Ավտովթար Երևանում, արխիվ

2012 թվականին Հայաստանում պետական վիճակագրական հաշվառման է վերցվել 2 հազար 731 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 311, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել՝ 852 մարդ, որոնցից 212-ը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ: Այդ մասին հաղորդում է գլխավոր դատախազությունը, որի՝ ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության կողմից ուսումնասիրվել և ամփոփվել է անցած տարվա ընթացքում տրանսպորտային հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախնական քննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ոչ միշտ է ապահովվում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ գործերի քննության պատշաճ որակը: Մասնավորապես, ըստ դատախազության հաղորդագրության, որոշ դեպքերում կատարվում է մակերեսային քննություն. քրեական գործերով վարույթն իրականացնող մարմիններն անհրաժեշտ հետևողականություն չեն դրսևորում, ինչը հանգեցնում է նշված հանցագործությունների բացահայտման բացասական հեռանկարի ձևավորմանը: Բացի այդ, պարզվել է, որ դատաավտոտեխնիկական փորձաքննությունների ժամանակ կիրառվում են ժամանակի պահանջներին ակնհայտորեն հակասող փորձագիտական մեթոդներ: