Օգոստոսի 22-ի մամուլ

«168 ժամ»-ը գրում է. - «Թեև տարիներ շարունակ քաղաքական թեժ աշնան սպասումով ապրող Հայաստանում առաջիկա աշնան համար որևէ կոնկրետ քաղաքական ուժ «թեժություն» չի ազդարարել, սակայն այս տարի այն կարող է լինել ամենաթեժը` բոլոր հայտարարված ու այդպես էլ չթեժացած աշունների համեմատ: Հայաստանի իշխանությունը պատրաստվում է նոյեմբերին Վիլնյուսում ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, սակայն գոնե մինչև այս պահը որևէ մեկը հաստատ վստահ չէ, որ դա տեղի կունենա՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից հնարավոր ճնշումները այդ գործընթացի վերջին փուլում: Մնացած քաղաքական ուժերի մեծ մասը սպասում է այս հարցում իշխանության տապալմանը, այսինքն՝ բացառությամբ մի քանիսի, մյուսները ակնկալում են, որ Ռուսաստանը կհաջողի Հայաստանի իշխանությանը ճնշելու գործում, և իրենք այդ «ալիքի վրա» կկարողանան մասնաբաժին ունենալ նոր-հնարավոր իշխանության կազմում»:

Թեման շարունակում է «Հայոց Աշխարհ»-ը. - «Առանց սխալվելու չնչին իսկ հավանականության կարելի է համարձակորեն պնդել, որ շուտով մեզանում հերթական անգամ շրջանառության մեջ կդրվի ընդդիմության համախմբման գաղափարը։ Փրկիչները նորից ու նորից կհայտարարեն, թե դա կարող է հանգեցնել բնակչության մեծամասնությունը կազմող բողոքական զանգվածի համախմբմանը՝ նրան մղելով վճռական գործողությունների։ Սակայն եթե բողոքական զանգվածը անհրաժեշտ պատրաստակամությամբ չարձագանքի տվյալ նախաձեռնությանը, ապա գործ կունենանք ոչ թե ներքաղաքական լուրջ ցնցումների, այլ սովորական, մակերեսային աղմուկ-աղաղակի հետ»։

«Չորրորդ իշխանության» մեկնաբանը նկատում է. - «Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանում իշխանություններ չկան, գոյություն չունեն: Իրականում հենց այդպես էլ կա: Բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահից սկսած, վաղուց արտագաղթել են Հայաստանից: Նրանք միայն ֆիզիկապես են այստեղ, իսկ ահա նրանց ընտանիքների անդամները վաղուց արդեն տարվա մեծ մասն ապրում են արտասահմանում, նրանց զավակները սովորում են արտասահմանյան համալսարաններում, նրանց բիզնեսներն ու հիմնական կապիտալը վաղուց արտասահմանում են, նրանք հանգստանում, ծնունդ-կնունք անում, բուժվում են բացառապես արտասահմանում, այսինքն՝ Հայաստանը նրանց համար ընդամենը աշխատատեղ է: Քանի հնարավոր է՝ աշխատում են, հենց «գործից հանեցին»՝ հեռանալու են: Գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխները վաղուց արդեն ունեցած-չունեցածի մեծ մասը տեղափոխել են դուրս ու Հայաստանում թողել են այնքան, որ «մանր-մունր ծախսերին» հերիքի: Տիգրան Սարգսյանի «օֆշորային սկանդալն», ահա, հենց այս տրամաբանության մեջ է տեղավորվում, դրա համար Սերժ Սարգսյանն ըմբռնումով է մոտենում ու երևի մտքում նաև քմծիծաղ է տալիս՝ «բա հո հարիֆ չի՞, որ ունեցածը Հայաստանում պահի»»:

«Օստապ Բենդերը, երբ գլուխ էր գովում, թե ինքը փող աշխատելու համեմատաբար ազնիվ 400 միջոց գիտի, ծանոթ չի եղել ՀՀ իշխանություններին», - գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` մանրամասնելով. - «Այլապես մեծն կոմբինատորը ստիպված կլիներ խոստովանել, որ այդ ոլորտում զիջում է նրանց, մասնավորապես, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին։ Դատեք ինքներդ. ըստ «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի՝ ԴԱՀԿ ծառայությունը ՀՀ պետական բյուջեից 1 մլն դրամ է տրամադրել իր հաշվեկշռում գտնվող 13 ավտոմեքենայի վերանորոգման համար։ ԴԱՀԿ-ին պատկանող BYD մեքենաները վերանորոգվել են «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ում։ Իսկ թե ում է պատկանում այս ՍՊԸ-ն, հայտնի է ամենքին. անգամ ԴԱՀԿ պետ Մ. Պողոսյանի կենսագրության մեջ է նշված, որ 1996թ. ինքն է եղել դրա հիմնադիրը։ Եվս մեկ կարևոր հանգամանք. «Քեթրին գրուպը» զբաղվում է Հայաստան մի շարք ապրանքատեսակների, այդ թվում՝ BYD մակնիշի մեքենաների ներկրմամբ։ Եթե ուշադրություն դարձրիք՝ ԴԱՀԿ-ի վերանորոգած մեքենաները պատկանում են հենց BYD ֆիրմային։ Կատարվածն այլ կերպ, քան կոռուպցիայի դասական օրինակ հնարավոր չէ որակել: Փաստորեն, ԴԱՀԿ պետը, օգտագործելով պաշտոնական դիրքը, ՀՀ պետբյուջեի միջոցներն ուղղում է սեփական բիզնեսի բարգավաճմանը»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտնի է իր հարազատ Ապարանի և հատկապես հայրենի Չքնաղ գյուղի նկատմամբ ամենանուրբ զգացումներով ու սիրով: Իսկ երբ 10 և ավելի տարիներ նման բարձր պաշտոն ես զբաղեցնում, այդ նվիրական զգացումները խիստ նյութական տեսք են ստանում և կոռուպցիոն ռիսկեր պարունակում: Ասենք, տարիներ շարունակ պրն Հովսեփյանն ամեն ինչ արել է, որ իր մարզն ու հատկապես հարազատ գյուղը ծաղկեն: Եվ այդ գործի համար ոչ միայն իր անձնական միջոցներն է ներդրել, այլև օգտագործել է դատախազական լծակները: Չքնաղ գյուղը Հայաստանի ամենաբարեկարգ գյուղերից է և ոչ միայն այն պատճառով, որ այս գյուղի բնակիչները հարուստ են, այլև այն, որ Հայաստանի ամենատարբեր տարիների բարձրաստիճան պաշտոնյաներն այստեղ տներ են կառուցել, որ Աղվան Գառնիկիչին հարևան լինեն եւ երբեմն շաբաթ-կիրակիները նրա նկարած ծաղիկներով հիանան: Ասում են՝ Գառնիկիչը նաև ինքն է ոմանց առաջարկել տներ կառուցել իր գյուղում: Մանավանդ նրանց, ովքեր օրինականության դաշտում խնդիրներ են ունեցել: Այստեղ առանձնատներ ունեն, ասենք, գյուղնախարար Դավիթ Լոքյանը, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, կրթության նախարար Լևոն Մկրտչյանը և ուրիշներ: Գյուղ տանող ճանապարհի մասին էլ է պրն Հովսեփյանը հոգ տարել՝ Չքնաղի ճանապարհը չի զիջում երևանյան նորանորոգ ճանապարհներին: Գյուղն ավարտվեց՝ ասֆալտն էլ ավարտվում է, և մոտակա գյուղերի բնակիչներն անիծում են իրենց բախտը, որ Գառնիկիչը հենց իրենց գյուղում չի ծնվել»: