Ակտիվիստներին հետաքրքրում են քաղաքապետարանի եկամուտները

Your browser doesn’t support HTML5

Շուրջ մեկ ամիս նստացույց անող երիտասարդները այսօր մի քանի նամակ հանձնեցին Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն մի շարք ոլորտներից ստացվող եկամուտների մասին: Ակտիվիստները մասնավորապես հետաքրքրված են մայրաքաղաքի փողոցներում և տրանսպորտային միջոցներում փակցված գովազդից, ինչպես նաև վճարովի ավտոկանգառներից ստացվող գումարներով:

«Նպատակ ունենք սկսել մի գործընթաց, պարզել այն բոլոր ոլորտները, որտեղից քաղաքապետարանը կարող է ստանալ եկամուտներ և լցնել քաղաքային բյուջեն: Այնինչ այդ ոլորտները, ուղղակի այդ մենաշնորհները ինքը տվել է մասնավոր ընկերություններին», - նամակները հանձնելուց հետո լրագրողներին ասաց նախաձեռնության հեղինակներից Սոնյա Մսրյանը:

Ստանալով այս փաստաթղթերը` ակտիվիստները տնտեսագետների և իրավաբանների օգնությամբ վերլուծելու են դրանք՝ պարզելու, թե կան արդյոք կոռուպցիոն ռիսկեր, չարաշահումներ, փողերի լվացում և այլն:

Այսօր հանձնած մեկ այլ դիմումով երիտասարդները հետաքրքրվում են՝ ի՞նչ միջոցներով է քաղաքապետ Տարոն Մարգարյանը բանակում ծառայող զինվորների ծնողներին բարձրակարգ ավտոբուսներով տեղափոխում հեռավոր զորամասեր՝ որդիներին տեսակցելու:

«Գործառույթը պատկանում է Պաշտպանության նախարարությանը: Նմանատիպ ակցիաներ իրականացնելու համար քաղաքապետարանը պետք է ունենա թույլտվություն կամ գոնե ֆինանսական միջոցների ավելցուկ: Իսկ Տարոն Մարգարյանը բազմիցս հայտարարել է, որ կա քաղաքապետարանի միջոցների սղություն», - նշեց Մսրյանը:

Վաղը երիտասարդները պատրաստվում են նամակների մեկ այլ խմբաքանակ հանձնել քաղաքապետարան` բարձրացնելով հանրային տարածքների հարցը: Խնդրելու են, մասնավորապես, հրապարակել Օպերայի շրջակայքի սրճարանների գործունեության իրավական հիմքերը:

Պայքարի առաջին ամսվա ավարտին իրավապահներն այլևս ուժեր չեն կենտրոնացնում քաղաքապետարանի առջև. չկա ոստիկանական պատնեշը, շենքի մուտքն ազատ է:

Ակտիվիստներից Կարեն Հարությունյանը կոտրված դիմապակիով իր ավտոմեքենան կայանել է այստեղ. երեկ անհայտ անձինքն այն կոտրել էին Կարենի տան բակում՝ կողքին թողնելով երկաթյա մարզաքար: Ակտիվիստն այն ևս քաղաքապետարանի մոտ է տեղադրել:

Նստացույցի մասնակիցները վստահ են, որ իրենց վրա փորձում են ճնշում գործադրել:

Վահագն Մինասյանը, օրինակ, «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ փորձում են դա անել հարազատների ու բարեկամների միջոցով. - «Մատնացույց են արվում մեր հարազատների աշխատավայրերը, տնօրենների անունները, թե իբր իրենց ծանոթներն են կամ ընկերները: Այսինքն` միտում ունեն հուշելու, որ հակառակ պարագայում միգուցե և աշխատանքից ազատման հետ կապված խնդիրներ առաջանան»:

Քաղաքապետանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ընկերության ղեկավար Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով նստացույցը, Մինասյանի հավաստիացմամբ` չի դադարեցվելու. - «Չենք հանդուրժելու նմանատիպ անձանց պաշտոնավարությունը կամ առկայությունը պետական կառույցներում, նրանց մասնակցությունը հանրային շահերին վերաբերող որոշումներում: Որովհետև քրեական բարք և արժեքային համակարգ ունեցող անձինք պարզապես իրավունք չունեն պաշտոններ գրավելու»: