Կարկուտից տուժածների օգնության հիմնադրամը այս շաբաթ կսկսի գումարների բաշխումը

Արմավիրի մարզում մայիսի 12-ի կարկտահարության հետևանքները մեղմելու համար ձևավորված հիմնադրամի գումարները դեռևս չեն բաշխվել գյուղացիներին:
Ըստ նախապես հայտարարվածի, բաշխումը սկսվելու էր օգոստոսի 1-ից, սակայն հիմնադրամի գործունեությունը հետաձգվել էր մինչև օգոստոսի 15-ը:

Այս շաբաթվա ընթացքում նախատեսվում է սկսել բաշխումը:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նշեց, որ գումարների հավաքագրման գործընթացն արդեն ավարտված է, այժմ քննարկվում են բաշխման մեխանիզմները:

Հիմնադրամը ստեղծվել է Հանրապետական կուսակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի կողմից: Հիմնադրամը հանգանակել է 240 միլիոն դրամ, գումարներ են փոխանցել Հայաստանի տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, նախարարներ, գործարարներ և անհատ քաղաքացիներ:

Կարկտահարությունից տուժել էին Արմավիրի մարզի 46 գյուղական համայնքներ, շուրջ 13 հազար գյուղացիական տնտեսություններ: Կարկտահարության հասցրած վնասը գնահատվել է շուրջ 25 միլիարդ դրամ:

Կառավարությունը կարկտահարությունից 100 տոկոսով վնասներ կրած 23 գյուղերի սոցիալապես անապահով 1606 ընտանիքներից յուրաքանչյուրին 50 հազար դրամ էր հատկացրել: Ստացվում է, որ 240 միլիոն դրամը բաշխվելու է ավելի քան 11 հազար տնտեսությունների, միջին հաշվարկներով մեկ տնտեսությանը բաժին կընկնի 21 հազար դրամ: Կարկուտից բերքը կորցրած գյուղացիները, սակայն, դժգոհ են կառավարության աջակցությունից, ասում են՝ աննշան քանակի սերմեր են տրամադրվել, ոմանք էլ դժգոհում են՝ ասում նույնիսկ դրանից չեն օգտվել: