Քաղաքական գործիչներն արձագանքում են նախագահի հայտարարությանը

Ընդդիմադիր քաղաքական գործիչները քննադատության են ենթարկում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Հայաստանի համար, թերևս, ամենաձեռնտուն կլինի, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններում հաղթի Իլհամ Ալիևը:

Շաբաթ օրը, հիշեցնենք, Ծաղկաձորում «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի ժամանակ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում Հայաստանի համար ով է նախագահի առավել նախընտրելի թեկնածու, Սերժ Սարգսյաննն արձագանքել էր, թե Հայաստանի համար ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարևաններն են ձեռնտու:

«Այստեղից էլ եզրակացություն, որ որպես հարևան, հատկապես որպես բանակցային գործընկեր՝ մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը: Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի պատասխանը հետևյալն է՝ մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր»,- հայտարարել էր Հայաստանի նախագահը:

Ստեփան Սաֆարյան

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե հակասություն է տեսնում Սերժ Սարգսյանի խոսքերում՝ Հայաստանի համար ձեռնտու է ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարևան, իսկ հետո, թե ձեռնտու է Ալիև-կրտսերի վերընտրվելը:

«Իլհամ Ալիևը վերջին տարիներին Ադրբեջանը տարել է դեպի ավտորիտարիզմ»,- հիշեցրեց Սաֆարյանը՝ շարունակելով․ - «Եթե մենք լինեինք ժողովրդավարական երկիր, ապա ժողովրդավարական երկրի ընտրված նախագահը կպատասխաներ, որ ճիշտ կլինի, որպեսզի Ադրբեջանի նախագահ ընտրվի նա, ում կընտրի Ադրբեջանի ժողովուրդը»:

«Սերժ Սարգսյանը, հավանաբար, չի պատկերացնում, որ ավտորիտար երկրները հակված են արտաքին արկածախնդրությունների», - նշեց ընդդիմադիր գործիչը: - «Եվ ունենալով Լեռնային Ղարաբաղի նման հակամարտություն, ակնհայտ կերպով տեսնելով, թե ուր է տանում Իլհամ Ալիևի քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության առումով՝ ինձ համար տարօրինակ է, որ նման ցանկություն, նման տեսակետ է հայտնվում: Որովհետև Իլհամ Ալիևը, սկսած պատմության դասագրքերից, սկսած պետական քարոզչությունից, վերջացրած սպառազինություններով՝ հստակ գնում է դեպի արտաքին ռազմական արկածախնդրություն»:

Գուրգեն Եղիազարյան

Հայ ազգային կոնգրեսի անդամ, Ազգային անվտանգության ծառայության նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը նույնպես խիստ մտահոգիչ համարեց այն, որ Հայաստանում աջակցություն են հայտնում մի մարդու, ով շարունակում է ռազմաշունչ սպառնալքիներ հնչեցնել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության հասցեին:

«Երբեք չի կարելի ցանկանալ, որ Ալիևը մնա նախագահ: Ցանկանալ, որ Ալիևի պես ֆաշիստը մնա Ադրբեջանի նախագահ, ես ասեմ ձեզ, որ սա արդեն նույնիսկ տրագիկոմեդիա չէ, սա ուղղակի կոմեդիա է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Եղիազարյանը:

Հովհաննես Սահակյան

Արձագանքելով ընդդիմադիրների քննադատությանը՝ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, թե քննադատներն «ուղղակի չեն կարողացել ուժ գտնել իրենց մեջ և ճիշտ ըմբռնել նախագահ Սարգսյանի խոսքերը»․ - «Ինչքան խոցելի լինի մեր թշնամին, այնքան մեզ համար շատ ավելի նպաստավոր է և օգտակար: Մի պարզ ճշմարտություն այս տարիներին ակնհայտ դարձավ, որ ալիևյան կլանն ի վիճակի չէ ո՛չ դիվանագիտական ճանապարհով [ղարաբաղյան] խնդիրը լուծել, ո՛չ էլ առավել ևս՝ ռազմական»:

«Մեր ընդդիմախոսները գոնե պետք է իրենց մեջ ուժ գտնեն և արտաքին քաղաքականությանն առնչվող մեկնաբանություններն ի օգուտ մեր երկրի անեն», - եզրափակեց Սահակյանը: