Օգոստոսի 15-ի մամուլ

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը պատասխանելով «Առավոտ»-ի հարցին՝ ինչ արձագանք կունենար, եթե վարչապետ Տիգրան Սարգսյանը Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգի նման մի քանի ժամով վերածվեր տաքսու վարորդի, լսեր քաղաքացիների բարձրացրած խնդիրները, ասել է. «Կարծում եմ, երբ Նորվեգիայի վարչապետը նստել է այդ տաքսու ղեկին, գնացել նման քայլի, նա շատ վստահ է եղել, որ իրեն չեն անիծելու, դժգոհություններն էլ ընդհանուր են լինելու` կապված երկրի ընդհանուր խնդիրներին, այլ ոչ թե իր անձին: Մեր վարչապետը ռիսկ չէր անի նման բան անել և կարծում եմ՝ մեր երկրի կառավարման մարմնի որևէ ներկայացուցիչ ռիսկ չէր անի այդ քայլին գնալ, որովհետև ամեն մեկի հետ կապված այնքան պրոբլեմ կա, որ մարդկանց պատասխանելու բան չունեն»: Հարցին` եթե, այնուամենայնիվ, ՀՀ վարչապետը ռիսկի գնար, Խառատյանը արձագանքել է, թե դա նրա վարկանիշը չէր բարձրացնի, բացի այդ՝ «Եվրոպական երկրներում այդպիսի քայլերն արտառոց չեն, նրանք իրենց կնոջ հետ հանգիստ դուրս են գալիս տնից՝ քայլում, գնում թատրոն, կինո: Կենդանի վարչապետին կամ նախագահին հանդիպելն արտառոց չէ, այդ մեզ մոտ է արտառոց»:

«Ժողովուրդ» թերթին հարցազրույց է տվել ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանը: Հիշեցմանը, որ նախագահական վերջին ընտրություններից հետո ինքը եկավ Հայաստան, դերասանը պատասխանում է. - «Այո, ես հատուկ եկա: Եկա, որովհետև տեսա, թե ինչքան հուսահատ են կանգնած մարդիկ Ազատության հրապարակում: Նախորդ անգամներն այդպես չէր. սա շատ տարբեր էր: Երիտասարդներ համարյա չկային, մարդիկ գլուխները կախ էին: Ես նայեցի ու ասացի` ամո’թ մեզ, ուրեմն մեր հայրերը, ծնողները, տատիկները, պապիկները վեր են կացել, գնացել են հրապարակ: Ընդ որում` նրանց ոչ ոք չէր ասել, չէր պրոպագանդել. մարդիկ ընտրել էին իրենց առաջնորդին, եկել-կանգնել ու սպասում էին ինչ-որ բանի: Ես եկա ասելու` դուք սխալ չեք արել, դուք ճիշտ եք արել: Սա առաջին հերթին մտքի հաղթանակ էր, ներքին հաղթանակ: Ամեն մարդ իր մեջ տարել էր ներքին մեծ հաղթանակ. սա էր կարևորը, դրա մասին պետք էր ասել: Շատերը կարծեցին, թե ես մտա քաղաքականություն, բայց ոչ. պարզապես ճիշտ չէր լինի, եթե ես գայի ու չբարձրանայի հարթակ: Ես կանգնեցի ու ասացի` մի’ վախեցեք, ես ձեզնով հպարտ եմ և հպարտ եմ, որ ես հայ եմ: Ես այդ հարթակում Րաֆֆիի կողքին է, որովհետև նա տեր կանգնեց շարժմանը»: Հարցին, թե ինչ եղավ հետո, երբ անսպասելիորեն մեկնեց Հայաստանից, Վարդան Պետրոսյանը պատասխանել է. - «Շարունակությունն այլ եղավ: Ես այդ երկու ամիսն այստեղ եմ եղել: Գնացի, երբ հուսախաբ եղա: Ես մտածում էի, որ քաղաքական ուժերը կմիավորվեն, բայց դա տեղի չունեցավ: Այսօր դրա համար ոչ մեկին չեմ ուզում դատապարտել. տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»:

«Ինչքա՜ն է երկիրն աղքատացել, ինչքա՜ն են պակասել փող աշխատելու միջոցները, որ նման ստոր ճանապարհով են փորձում մարդկանց գրպանները մտնել», - կարմիր գծանշումներով ավտոկանգառների կապակցությամբ թերթի ընթերցողներից մեկի կարծիքն է մեջբերում «Հրապարակ»-ը և գրում. - «Եվ, իսկապես, եթե արագաչափերին, կարմիր գծերին, գազի ու էլեկտրաէներգիայի, ուսվարձերի թանկացմանը նայենք այս տեսանկյունից, ամեն ինչ տեղն է ընկնում: Ուտելու ենթակա վարկերը նվազել են, միջազգային դրամաշնորհները` պակասել, ծախելու-սեփականաշնորհելու բան չի մնացել, բիզնես ոլորտը, որից փող էին քամում, նեղացել-կենտրոնացել է մի քանի՝ հարկման ոչ ենթակա անձանց ձեռքին, ինչի՞ց փող աշխատեն: Միակ բանը, որ չի նվազել, «ախորժակն» է՝ հարստանալու, կապիտալը բազմապատկելու, տասնապատկելու, հարյուրապատկելու մարմաջը: Եվ գտել են ելքը շարքային քաղաքացու գրպանը մտնելու ճանապարհով: Ովքե՞ր են ամենից շատ տուժում գազի, ուսվարձի թանկացումից, արագաչափերից, կարմիր գծերից՝ միջին կոչված և ոչ մի կերպ չձևավորվող խավը` տաքսիստներ, շարքային ծառայողներ, ուսանելու տարիքի երեխաներ ունեցող ընտանիքներ: Իսկ օրական 5-10 հազար դրամ աշխատող տաքսիստի համար ամսական 3-4 տուգանայինը՝ 5 հազարական դրամով, շոշափելի կորուստ է, կենսամակարդակի իջեցման լուրջ գործոն: Այս` օդից փող քամողների ձեռքը պետք է բռնել: Քանի դեռ ուշ չէ: Քանի դեռ երկիրը չենք կորցրել: