Ցուցարարների եւ քաղաքապետարանի ներկայացուցիչների հանդիպումը չկայացավ

Your browser doesn’t support HTML5

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ու «Երևանտրանս» ընկերության տնօրենի հրաժարականների պահանջով քաղաքապետարանի առջև նստացույց անողների ու քաղաքապետարանի ներկայացուցիչների` այսօր սպասվող հանդիպումը չկայացավ:

Քաղաքային իշխանություններն այսօր պատրաստակամություն էին հայտնել քննարկել բարձրացված բոլոր հարցերը, սակայն ակցիայի մասնակիցները պնդում են, որ քննարկման ենթակա է միայն հովանոցի տեղադրման հարցը:

Ցուցարարները երեկ գրավոր դիմումով մայրաքաղաքի իշխանություններից խնդրել էին ներկայացնել առարկություններ (եթե այդպիսիք կան) շենքի առջև հովանոց տեղադրելու վերաբերյալ:

Այսօր ստացված պատասխանում նշված է, թե կանաչ տարածքում հովանոց տեղադրել կարելի է` եթե դա բխում է հանրության շահերից: Իսկ փողոցում կամ մայթին հովանոց տեղադելու առնչությամբ ասվում է, թե այդ դեպքում «անհամաչափ և տևական ժամանակահատվածով կխաթարվի կամ կխոչընդոտվի երթևեկությանը, ինչպես նաև կսահմանափակվի անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքը»:

Նստացույցի նախաձեռնողներից Վահագն Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հետևյալ կերպ մեկնաբանեց դա. - «Եթե մենք այնպիսի հովանոց տեղադրենք, որ այլոց տեղաշարժման իրավունքը չխոչընդոտվի, մենք դրա իրավունքը կստանանք: Այն իմաստով, որ որևէ առարկություն չեն ունենա»:

Նստացույցի մասնակիցների հիմնավորմանը, թե հովանոց տեղադրելը անհրաժեշտ նաև իրենց առողջությանը վնաս չհասցնելու համար, քաղաքապետարանն արձագանքել է, թե «դրա պահպանման համար կան այլ հնարավորություններ»:

«Երկու հնարավորություն եմ տեսնում այստեղ` կա'մ բավարարվում են մեր պահանջները [պաշտոնանկությունների վերաբերյալ], կա'մ երկրորդ հնարավորությունը հովանոցն է: Քանի որ սա մերժել են, գուցե քաղաքապետարանի ներսո՞ւմ սենյակ տրամադրեն մեզ», - նշեց Մինասյանը:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ Արթուր Գևորգյանը, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ուղեկցությամբ շենքի առջև հանդիպեց նստացույցի մասնակիցներին` վերահաստատելով, որ քաղաքապետարանը պատրաստակամ է քննարկել ակցիայի մասնակիցների բարձրացրած բոլոր հարցերը, իսկ հովանոցի հարցով գրավոր պատասխան արդեն եղել է:

Նստացույցի մասնակիցներից Գոռ Առաքելյանի արձագանքը չկայացած հանդիպումից հետո. - «Մենք դեռ կքննարկենք ու կորոշենք մեր անելիքը»:

Քաղաքապետարանի մուտքը հսկող իրավապահները` ի դեմս Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանի, բացառում են տարածքում վրանի կամ հովանոցի տեղադրումը, քանի դեռ դա պաշտոնապես չեն թույլատրել քաղաքային իշխանությունները: