Հայ մրցավարները կալանավորվել են «պայմանավորված խաղի» առնչությամբ

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Ինտեր»-«Վիկինգուր» հանդիպումը սպասարկած հայաստանյան մրցավարական անձնակազմի գլխավոր մրցավար Անդրանիկ Արսենյանի և Հովհաննես Ավագյանի նկատմամբ երկամսյա կալանք է կիրառվել:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մրցավարների նկատմամբ վարույթ սկսելու և կալանավորում կիրառելու հարցը քննել է ոստիկանության Քննչական գլխավոր վարչության դիմումի հիման վրա:

Ավելի վաղ հուլիսի 11-ին կայացած «Ինտեր»-«Վիկինգուր» հանդիպման ժամանակ մրցավարների կողմից պայմանավորված խաղի գործընթացում ներգրավվելու հարցը քննարկվել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստում: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ նման արարքները ստվեր են գցում ոչ միայն հայկական ֆուտբոլի հեղինակության, այլ նաև երկրի «իմիջի ու վարկի վրա»: Կոմիտեն որոշել էր ցմահ որակազրկել մրցավարներին, կարգապահական վարույթ իրականացնել այս գործընթացում ընդգրկված մյուս անձանց նկատմամբ և կիրառել կարգապահական կանոնակարգերով սահմանված խստագույն միջոցները:

Մարզական մեկնաբան Էդգար Քալանթարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, վերլուծելով ստեղծված իրավիճակն ու կայացված որոշումը, նշում է, որ չնայած կիրառվել է առավելագույն պատիժը, այնուամենայնիվ որոշումը ճիշտ է:

«Խարդախությունը խոշոր չափի էր: Գործկոմի նիստի ժամանակ այդ՝ արդեն նախկին մրցավարները նշեցին, որ իրենք տեղյակ են միայն 87 հազար եվրոյից: Այդ գումարը նրանք անձամբ են խաղադրույք կատարել: Բայց ընդհանուր առմամբ, այդ խաղի վրա միայն Հայաստանում մոտ 300 հազար եվրո խաղադրույք է կատարվել: Իսկ դա նշանակում է, որ ինչ-որ բան մաքուր չէ: Հիմա, կարծում եմ, բոլոր մրցավարները կհասկանան, որ նման գործերով զբաղվելուց հետո ոչ միայն ֆուտբոլից կհեռանան, այլև կազատազրկվեն», - ասում է Քալանթարյանը:

Մարզական մեկնաբանը պատմում է, որ հայ մրցավարները միջազգային շատ խաղեր են սպասարկել, նրանց հետ կապված եղել են տհաճ միջադեպեր, սակայն այսպիսի «խոշոր տրամաչափի» դեպքը հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջինն է: