Տիգրան Առաքելյանը միջնորդեց հարցաքննել նախկին ոստիկանապետին

Խուլիգանության և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքներով վեց տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանը այսօր միջնորդեց դատարան հրավիրել և հարցաքննել Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ նրան համարելով դեպքի «ամենակարևոր վկան», ում ցուցմունքները լույս կսփռեն գործի բոլոր հանգամանքների վրա։

Բանն այն է, որ Ալիկ Սարգսյանը Խնկո Ապոր գրադարանի մոտ այս աղմկահարույց միջադեպից երկու օր անց՝ 2011-ի օգոստոսի 11-ին հրավիրել էր մամուլի ասուլիս, ամենայն մանրամասնությամբ պատմել դեպքը և հանդես եկել այնպիսի հայտարարություններով, որոնք գործով մեղադրվող չորս ակտիվիստները դիտարկում են որպես նախաքննական մարմնի վրա միանշանակ ճնշում և ուղղորդում։ Տիգրան Առաքելյանը ընդգծեց, որ ողջ քրեական գործը կառուցվեց է ճիշտ այնպես, ինչպես այդ օրը հայտարարել էր Ալիկ Սարգսյանը։

Մասնավորապես, նախկին ոստիկանապետը պնդել էր, որ «ոստիկանաորսով» զբաղվող ակտիվիստներն են հայհոյանքներով հարձակվել իրենց օրինական պարտականությունները կատարող իրավապահների վրա՝ շրջանառության մեջ դնելով առանց դնչկալի շան հայտնի պատմությունը, որ բերման ենթարկվածներից Տիգրան Առաքելյանը և ևս երկու երիտասարդ հարբած են եղել, որ Առաքելյանը բերման ենթարկվելիս մեքենայի մեջ «խփել և ոստիկանի քիթը կոտրել է», որ այս երիտասարդները բոլոր ոստիկաններին, ընդհուպ մինչև պաշտոնյաներ հայհոյել են, սական «որևիցե մեկին մատով չի կպել ոչ մի ոստիկան»:

Երբ Տիգրան Առաքելյանը այսօրվա դատական նիստում խոսում էր Ալիկ Սարգսյանի այս հայտարարությունների մասին, նախագահող դատավոր Եվա Դարբինյանը հարցրեց՝ «Ալիկ Սարգսյանը դեպքի վայրում եղե՞լ է»։

«Բա հենց դրա համար եմ ուզում գա։ Իմ ասածը, այո, Ձեր ասածի տրամաբանական շարունակությունն է. եթե Ալիկ Սարգսյանը չի եղել Կարապի լճի հարևանությամբ այդ ժամանակ, նա ինչպե՞ս է այդպիսի մանրամասներ ներկայացնում»,- պատասխանեց Առաքելյանը,- «Դրանից մի քիչ ժամանակ անց Մարգար Օհանյանը ձերբակալվեց, երբ Ալիկ Սարգսյանին լրագրողները հարց տվեցին, ասաց՝ «ես ոչ մի բան չեմ կարող խոսել, նախաքննություն է գնում, գեներալ է Մարգար Օհանյանը, ես ո՞նց կարող եմ բան խոսել»։ Հիմա այսինքն՝ եթե շարքային եմ, ինքը կարող է, եթե գեներալ է, չի կարող։ Ես ուզում եմ կանչենք և հարց տանք, ընդամենը»։

Ակտիվիստը մեջբերեց նույն ասուլիսում Ալիկ Սարգսյանի այն խոսքերը, որ դեպքից հետո մեկ առ մեկ հանդիպել է դեպքի մասնակից բոլոր ոստիկաններին, այնուհետև` տղաներին ոստիկանական բաժին տանելուց հետո բաժնում կատարված իրադարձություններին ականատես բոլոր իրավապահներին։ Մինչդեռ նույն ոստիկանները և նախաքննության ժամանակ, և դատարանում իրենց ցուցմունքներում հայտարարել են, որ նախկին ոստիկանապետի հետ որևէ հանդիպում չեն ունեցել։ Նաև այս հակասությունը հաշվի առնելով, ըստ Առաքելյանի, պետք է նախկին ոստիկանապետին հրավիրել և պարզել, արդյոք այդ ոստիկանները ստե՞լ են, եթե ստել են, ապա ի՞նչ երաշխիք կա, որ նրանց մյուս ցուցմունքներն արժանահավատ են, չէ՞ որ գործը կառուցված է գերազանցապես նրանց ցուցմունքների վրա։

Նույն գործով անցնող Սարգիս Գևորգյանն էլ Ալիկ Սարգսյանի հետևյալ հայտարարությունը մեջբերեց ասուլիսից.- «Բառացի ասում է հետևյալը, որ «մեր ոստիկանների մոտ կային քերծվածքներ, վնասվածքներ, բայց ես ասել եմ դրանք չգրեն»։ Այսինքն սա ակնհայտ հայտարարություն է Ալիկ Սարգսյանի կողմից այն մասին, որ ինքը ուղղորդում է նախաքննական մարմնին, ինքը որոշում է, թե ինչ ապացույցներ պետք է հետազոտի նախաքննական մարմինը, և ինչ՝ ոչ»։

Դատարանը որոշեց հետաձգել Ալիկ Սարգսյանին հրավիրելու միջնորդության քննարկումը, մինչև կծանոթան նրա ասուլիսի վերաբերյալ նյութերին։ Այս հետաձգումը վրդովեցրեց Առաքելյանին, ով ցանկանում էր հենց հաջորդ նիստում լսել նախկին ոստիկանապետին։

«Բա երկու տարի սպասում եմ... իրենք պետք է իմ մեղավորություն ապացուցեն, ոչ թե ես իմ անմեղությունը։ Համբերատարությունի՞ցս եք օգտվում, հարգելի դատարան, ես շատ համբերատար եմ, բայց չի նշանակում, որ հիմար եմ»,- բացականչեց ամբաստանյալը։

Հայտարարելով, որ այս հետապնդումը Ալիկ Սարգսյանի «մանր վրեժխնդրությունն էր» իրեն նախկին գործով դատի տալու համար, Առաքելյանը ևս մեկ անգամ միջնորդեց փոխել իր խափանման միջոցը և իրեն րոպե առաջ ազատ արձակել, ինչը դատարանը կրկին մերժեց։

Մինչ նախկին ոստիկանապետի հարցը քննարկելը դատարանը այսօր հարցաքննեց «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրակազմին։ Խնդիրն այն է, որ ոստիկանները ցուցմունք են տվել այն մասին, որ օրաթերթի այն ժամանակվա աշխատակից Անի Գևորգյանը միջադեպի ժամանակ եղել է Կարապի լճի մոտ և նկարահանել է կատարվածը։ Բայց քանի որ այդ տեսագրությունը երբեք չի ներկայացվել ոչ նախաքննությանը, ոչ դատարանին, մեղադրող կողմը եզրակացրել է, որ տեսանյութը գուցե պարունակել է ակտիվիստներին ոչ ձեռնտու տեղեկատվություն։

Եվ Անի Գևորգյանը, և օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանն ու լրագրող Վահագն Հովակիմյանը այսօր դատարանում պնդեցին, որ դեպքի պահին Անի Գևորգյանը եղել է աշխատավայրում, դուրս չի եկել, չի գնացել Կարապի լճի մոտ, ուստի չէր կարող որևէ նկարահանում իրականացնել։ Անի Գևորգյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ իրեն դեպքի վայրում տեսնելու մասին վկայություններ տված նույն ոստիկաններին երբ դատարանում խնդրել են են Անիին ցույց տալ, նայել են շուրջը և կողքները կանգնած լրագրողին չճանաչելով, հայտարարել են, որ նա դահլիճում չէ։

«Այդ սուտ տեղեկությունը, որ Անին այնտեղ է եղել, դա ամենափոքր կեղծիքն է, որ առկա է այդ գործում»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Հայկական Ժամանակ»-ի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը.- «Օրինակ, երբ երիտասարդները ներսում են եղել, «02»-ի օպերատորն աշխատել է մոտ երկուսուկես ժամ, բայց հրապարակվել է այդ ամբողջ նկարահանման 1-2 րոպեն, մնացածը ասում են՝ կորել է, չկա ձայնագրությունը։ Ոստիկանական բաժանմունքում եղել են տեսախցիկներ, որոնք պարզվել է, որ չեն նկարում։ Այնպես որ սրանից զարմանալ պետք չէ, այդ այսպես կոչված նախաքննական մարմինը հերթական քաղաքական գործն է արել»։

Վկաների հարցաքննությունը կշարունակվի օգոստոսի 26-ին։