Մամուլի ազատության վիճակը Ադրբեջանում վատթարացել է

Լրագրողների պաշտպանության կոմիտեի լոգոն

Լրագրողների պաշտպանության կոմիտեն Բաքվին կոչ է անում վերջ տալ լրագրողներից վրեժ լուծելու պրակտիկային:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն փաստում է` մամուլի ազատության վիճակը Ադրբեջանում վատթարացել է վերջին երկու տարիների ընթացում, սպառնալիքի տակ դնելով հասարակության՝ առանց գրաքննության լրատվություն ստանալու հնարավորությունը հոկտեմբերին սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ:

Առնվազն ութ լրագրողներ այժմ ազատազրկված են Ադրբեջանում, իսկ քննադատաբար հանդես եկող այլ լրագրողներ և խմբագիրներ դառնում են սպառնալիքների, հարձակումների, ճնշումների և հետապնդումների զոհ: Վերջին դեպքը, որի կապակցությամբ կազմակերպությունը հայտարարություն է տարածել, PS Nota անկախ թերթի գլխավոր խմբագիր Սարդար Ալիբեյլիի ձերբակալությունն ու դատարանի սահմանած երկամսյա կալանքն է:

«Ադրբեջանի իշխանությունները պետք է վերջ դնեն լրագրողներից ազատազրկման միջոցով վրեժ լուծելու պրակտիկային», - ասված է Լրագրողների պաշտպանության կոմիտեի հայտարարության մեջ:

Բաքվի շրջանային դատարանը Ալիբեյլիին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել ուրբաթ օրը, նրան մեղադրում են խուլիգանության մեջ, խմբագրին սպառնում է 3-7 տարվա ազատազրկում:

«Ադրբեջանի իշխանությունները քննադատաբար հանդես եկող լրագրողների դեմ սարքված քրեական գործերի մի երկար ցուցակ ունեն, և Սարդար Ալիբեյլիի դեմ հարուցված գործը ևս դրանց շաքում է», - հայտարարել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի համակարգող Նինա Օգնիանովան՝ հավելելով, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն Ալիբեյլիին և վերջ դնեն նրա նկատմամբ տարիներ շարունակվող հետապնդմանը:

Խմբագիրը նախկինում ևս դատական հետապնդման է ենթարկվել իր լրագրողական գործունեության կապակցությամբ. 2009 թվականին նա դատապարտվել է 4 ամիս ազատազրկման զրպարտության մեղադրանքով, 2007 թվականին էլ դատապարտվել է 18 ամիս ուղղիչ աշխատանքների` երկրի ներքին գործերի նախարարին զրպարտելու մեղադրանքով:

Ալիբեյլին բազմիցս հանդես է եկել նախագահ Իլհամ Ալիևին և նրա վարչակարգը քննադատող հոդվածներով և իր PS Nota պարբերականում հրապարակել Է արտաքսված քաղաքական գործիչների և բանակի սպաների մեկնաբանությունները, ովքեր բարձրաձայնել են առկա կոռուպցիայի, բռնապետության ու մարդու իրավունքների խախտումների մասին: Ինքը խմբագիրը ձերբակալությունը կապում է Facebook-ում իր վերջերս հրապարակած մի կոլաժի հետ, որտեղ Իլհամ Ալիևը ներկայացված էր ձեռնաշղթաներով: