Քաղաքապետարանի մոտ նստացույց անողներին հաջողվեց 2 հովանոց տեղադրել

Ակտիվիստները Երևանի տրանսպորտի վարչության պետի հրաժարականը պահանջող պաստառով բողոքի ակցիա են անցկացնում քաղաքապետարանի առջև, արխիվ

Երևանի քաղաքապետարանի մոտ արդեն 12 օր նստացույց անող ակտիվիստներին այսօր վերջապես հաջողվեց 2 հովանոց ամրացնել աթոռներին՝ չնայած ոստիկանության դժգոհությանը և միջնորդության փորձերին:

Անցած գիշեր նստացույց անող ակտիվիստներից Սուրեն Սահակյանը բարձր ջերմության պատճառով տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, որտեղ բժիշկներն ախտորոշել էին՝ արևահարություն: Այստեղ նա կաթիլային ներարկում էր ստացել, և այսօր առավոտյան կրկին վերադարձել էր քաղաքապետարան՝ փորձելով շարունակել նստացույցը: Սակայն այսօր կրկին բարձր ջերմության պատճառով նա ստիպված եղավ դադարեցնել իր բողոքի ակցիան և գնալ տուն:

Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ սկսված բողոքի շարժման ակտիվիստները, ովքեր քաղաքապետարանի մոտ շարունակվող նստացույցով պահանջում են պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանին, ասում են՝ նստացույցը շարունակելու համար հովանոց կամ վրան տեղադրելը ուղղակի անհրաժեշտ է:

Ակտիտիստները շարունակում են բողոքը, թեև հասարակական ճնշման տակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 25-ին կասեցրեց հասարակական տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու իր որոշումը` մինչև մեխանիզմների մշակումը, որպեսզի այն չհարվածի սոցիալապես անապահով ճանաչված խավին: