Մինսկում «Վեսնա»-ի երկու ակտիվիստ է ձերբակալվել

Ալես Բելյացկին Մինսկի դատարանի դահլիճում, նոյեմբեր, 2011թ․

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ձերբակալվել են «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպության երկու ակտիվիստներ, որոնք բաժանում էին կազմակերպության ղեկավար, 2011 թվականին ձերբակալված Ալես Բելյացկու լուսանկարով թռուցիկներ:

Երկու ակտիվիստներն իրենց ձերբակալության մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել են հեռախոսով:

«Վեսնա»-ի ղեկավարը դատապարտվել է 4.5 տարվա ազատազրկման՝ հարկերից խուսափելու մեղադրանքով: Նրա աջակիցները, սակայն, գտնում են, որ Բելյացկուն ազատազրկել են քաղաքական դրդապատճառներով:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը անցած շաբաթ օրը դիմել է Բելառուսի իշխանություններին՝ հորդորելով անհապաղ ազատ արձակել Բելյացկուն և այլ քաղբանտարկյալների:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ևս Բելյացկուն հռչակել է խղճի բանտարկյալ: