Ջեյմս Ուորլիքը՝ Մինսկի խմբի նոր համանախագահ

Ջեյմս Ուորլիք, նոյեմբեր, 2012թ․

Ջոն Քերրին վստահեցնում է, որ նոր համանախագահը առաջնակարգ դիվանագետ է և այս կարևոր պաշտոնում հրաշալի աշխատանք կկատարի:
Երկուշաբթի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում Միացյալ Նահանգների նոր համանախագահ է նշանակվել Ջեյմս Ուորլիքը: Այս մասին մամուլի հաղորդագրությամբ հանդես եկավ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին:

Պետքարտուղարը իր հայտարարության մեջ նշեց, որ դեսպան Ուորլիքը այս պաշտոնում իր հետ բերում է եվրոպական և եվրասիական հարուստ փորձ:

Մինչև վերջերս Ջեյմս Ուորլիքը եղել է Աֆղանստանում և Պակիստանում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի տեղակալը, եղել է նաև գլխավոր բանակցողը Աֆղանստանի հետ երկկողմանի անվտանգության համաձայնագրի մշակման ու ստորագրման բանակցություններում:

2009-2012 թվականներին Ուորլիքը ծառայել է Բուլղարիայում իբրև Միացյալ Նահանգների դեսպան, իսկ 2006-2009 թվականներին աշխատել է իբրև Միջազգային կազմակերպությունների հարցերով բյուրոյում ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի գլխավոր տեղակալ:

2005-2006 թվականներին Ջեյմս Ուորլիքը ծառայել է Պետդեպարտամենտում՝ իբրև Եվրոպական անվտանգության և քաղաքական հարցերով բյուրոյի տնօրեն:

Միացյալ Նահանգների պետքարտուղարը իր հայտարարության մեջ նշում է, որ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նոր համանախագահը առաջնակարգ դիվանագետ է, և վստահություն է հայտնում, որ դիվանագետը այս կարևոր պաշտոնում հրաշալի աշխատանք կկատարի:

ԱՄՆ-ը մնում է հաստատակամորեն հավատարիմ կողմերին և համոզված է, որ կողմերը կհասնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու խաղաղ կարգավորման:

Իր հայտարարության մեջ ԱՄՆ-ի պետքարտուղարը նշում է նաև, որ «հունիսի 18-ին իրենց հայտարարության մեջ նախագահներ Օբաման, Պուտինը և Օլանդը կոչ են արել կողմերին նոր եռանդով կենտրոնանալ չլուծված հարցերի վրա՝ նշելով, որ ղեկավարները պետք է պատրաստեն իրենց ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»: «Դեսպան Ուորլիքը ունի իմաստնություն, դատողություն և փորձառություն՝ օգնելու կողմերին այդ նպատակին հասնելու համար», - վստահեցրել է Քերրին իր հայտարարության մեջ:

Պետքարտուղարը նշում է նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները, ինչպես նաև ԵԱՀԿ-ն տեղյակ են պահվել Ուորլիքի այս նշանակման մասին:

Դեսպան Ջեյմս Ուորլիքը ստանձնելու է իր պաշտոնը սեպտեմբերից: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նա, փաստորեն, փոխարինելու է Ռոբերտ Բրադկեին․ անցած տարվա վերջին Իեն Քելլին համանախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել:


Հրայր Թամրազյան, Վաշինգտոնից