Յուրի Վարդանյանը հանդիպել է Ռուսաստանի սպորտի նախարարի հետ

Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի և Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Վիտալի Մուտկոյի հանդիպումը:

Ըստ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքէջի, հանդիպման ընթացքում քննարկվել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացման հարցերը, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի տարբեր ոլորտներում փորձի և տեղեկատվության փոխանակման, համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպման և 2 երկրների մարզական ենթակառուցվածքների համատեղ օգտագործմանը վերաբերող հարցեր:

Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Մուտկոն ծանոթացրել է իր գործընկերոջը տեղի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կենտրոնական թանգարանի ցուցանմուշներին, ինչպես նաև ՌԴ սպորտի նախարարության ենթակառուցվածքին:

Հայկական կողմն առաջարկել է կազմակերպել հայ մրցավարների համար ուսումնական դասընթացներ` նրանց որակավորումը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև մարզական պատվիրակությունների երկկողմ գործնական այցելություններ: