Բնակիչները խոչընդոտում են նոր բազմահարկի շինարարությունը

Your browser doesn’t support HTML5

Կենտրոն համայնքում՝ Գլխավոր պողոտայի մերձակայքում բնակիչները խոչընդոտում են նոր բարձրահարկի շինարարությունը: Արդեն 5 օր է, ինչ դադարեցված են շինարարական աշխատանքները:

Բնակիչները պնդում են, որ շինարարությունը վնասում է իրենց բնակարանները, վտանգ է ներկայացնում բակում խաղացող երեխաներին համար, և իրենք պատրաստվում են բողոքով դիմել Երևանի ավագանուն՝ թեև «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասացին նաև, որ իրենց նախկին դիմումներն անպատասխան են մնացել:

Շենքը կառուցում է «Ֆլեշ» ընկերությունը, որը պատկանում է հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին: Ընկերության տնօրեն Յաշա Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ կառուցապատումը կատարվում է օրենքի սահմաններում: Հավելեց, որ արդեն շոշափելի ներդրում են կատարել, այդ թվում՝ գումարներ են հատկացրել տարածքում նախկինում եղած տների բնակիչներին:

Խաչատրյանն ուռճացված է համարում բնակիչների բողոքները՝ պնդելով, որ իրենց պահպանում են կառուցապատման՝ օրենքով սահմանված բոլոր նորմերը․ - «Օրինական բոլոր փաստաթղթերն ունենք»:

Բողոքող բնակիչները, մինչդեռ, համոզված են, որ օրինականությունը «փողով է գնվել»:

«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ, թեպետ ամեն ինչ օրինական է, իրենք չեն պատրաստվում ոստիկանների միջամտությամբ շարունակել շինարարական աշխատանքները:

«Ուզում ենք իրենց [բնակիչներին] համոզել, որ սա արդեն Կառավարության ծրագիր է», - նշեց Յաշա Խաչատրյանը:

Բողոքավորները, մինչդեռ, վճռական են պայքարը մինչև վերջ շարունակելու հարցում: