Բաքվի սև ցուցակում ընդգրկվածները տարակուսում են և հեգնում

Լեռնային Ղարաբաղ - Աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալյեն Գանձասարի վանքում` Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ, 5-ը հունիսի, 2013թ., լուսանկարը` Զավեն Խաչիկյանի

Բաքվի քաղաքագիտական շրջանակներում էլ համոզված են, որ Ադրբեջանի իշխանությունների՝ նման որոշում կայացնելու իրական շարժառիթը այն չէ, ինչը ներկայացվում է:
Տարակուսանք և հեգնանք` այսպես կարելի է բնութագրել Ադրբեջանի կողմից հրապարակված սև ցուցակում ընդգրկված անձանց առաջին արձագանքը պաշտոնական Բաքվի որոշմանը:

Շաբաթավերջին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակեց 335-հոգանոց մի ցուցակ, որում ընդգրկված մարդկանց մուտքը Ադրբեջան այսուհետ խստիվ արգելված է: Պատճառը այդ անձանց` տարբեր տարիներին Լեռնային Ղարաբաղ կատարած այցելություններն են:

Ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության հրապարակած ցանկում տարբեր պետությունների ներկայացուցիչներ կան` Ռուսաստանից մինչև Արգենտինա, Ֆրանսիայից մինչև Իրան: Ադրբեջան այլևս չեն կարողանա մուտք գործել աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն և Հարավային Կովկասում Եվրամիության նախկին հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, ամերիկացի տիեզերագնաց Չարլզ Դյուքն ու 80-ականների իտալական փոփ աստղ Ալ Բանոն: Սև ցուցակում են Ֆրանսիայի խորհրդարանի հայամետ բոլոր պատգամավորները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն: Անցանկալի անձանց այս ցուցակում մեծ տեղ են զբաղեցնում նաև լրագրողներն ու փորձագետները:

Ադրբեջան մուտք գործելու իրավունքից զրկվել է լոնդոնյան Times-ի թղթակից Թոնի Հալփինը: Twitter-ի իր էջում բրիտանացի լրագրողը գրել է․ - «Անցյալ տարի «Եվրատեսիլ»-ի շնորհիվ ես հասցրեցի տեսնել Բաքուն: Հիասքանչ քաղաք, բարեհամբույր մարդիկ և սարսափելի վարչակազմ»:

Ցուցակում է մոսկովյան ամենաազատական ռադիոկայանի համարումն ունեցող «Էխո Մոսկվի»-ի գրեթե ողջ ղեկավարությունը, այդ թվում գլխավոր խմբագրի երկու տեղակալները` Սերգեյ Բունտմանն ու Վլադիմիր Վարֆոլոմեևը: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում երեկ գրել է․ - «Ես միայն վերջերս համտեսեցի Բաքվի փահլավան: Եվ ի՞նչ, ստիպված եմ լինելու ընդմիշտ մոռանա՞լ այդ հիասքանչ համը»:

Այսուհետ Ադրբեջան մուտք գործելու իրավունք չի ունենա նաև Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վաշինգտոնյան կենտրոնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը: Վերլուծաբանը Facebook-ի իր էջում գրել է. - «Ես միշտ էլ ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծումը Ադրբեջանին ձեռնտու չէ: Նշել եմ նաև, որ հնարավոր չէ մի իրավիճակ, երբ Լեռնային Ղարաբաղը խորհրդային տարիների օրինակով որպես ինքնավար մարզ կվերադառնա Ադրբեջանի կազմ: Այն մասին, որ նույն գետը երկու անգամ չեն մտնում, ես հայտարարել եմ նաև Բաքվում: Փաստորեն, այլևս Ադրբեջանում նման հայտարարություններ անելու հնարավորություն չեմ ունենա: Եվ ի՞նչ: Ղարաբաղյան հիմնախնդիրը միանգամից կլուծվի՞ այն տարբերակով, որ ձեռնտու է ադրբեջանական իշխանություններին»:

Բաքվի քաղաքագիտական շրջանակներում, ի դեպ, համոզված են, որ այս որոշումը կայացնելու ընթացքում Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունների փաստը զուտ որպես պատրվակ են օգտագործել: Քաղաքագետ Արաստուն Օրուջլուն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է․ - «Ես կարծում եմ՝ պատճառներն այլ են: Դա անմիջական կապ ունի [նախագահական] ընտրությունների հետ: Այս ցուցակը, ըստ ամենայնի, կազմվել է ոչ թե Ալ Բանոյի կամ Մոնսերատ Կաբալյեի, այլ լրագրողների, վերլուծաբանների, քաղաքական գործիչների ու փորձագետների պատճառով: Նրանք կարող էին Ադրբեջան այցելել ընտրություններից առաջ կամ հենց քվեարկության օրը` լուսաբանելով այն իրողությունները, որ առկա են Ադրբեջանում»: