Օգոստոսի 1-ի մամուլ

Անդրադառնալով արտագաղթի ահագնացող տեմպերին՝ «Ժամանակ» օրաթերթը նշում է, որ արտագաղթողների անգամ փոքր թիվը Հայաստանի համար շատ է՝ շարունակելով․ - «Շատ է այն իրողությունների պայմաններում, որ առկա են Հայաստանում ցանկացած ոլորտում: Շատ է այն պարագայում, երբ բանակում, օրինակ, վերջին մի քանի օրերի ընթացքում արձանագրվում է խաղաղ պայմաններում չորս մահվան դեպք: Շատ է այն դեպքում, երբ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում մարդիկ տարրական կենցաղային պայմաններից են զրկված, երբ Հայաստանի բազմազավակ ընտանիքներն ապրում են պարզապես անմարդկային պայմաններում: Շատ է կոռուպցիայի, գանձագողության, անբարոյականության, պետական մակարդակով ստախոսության պայմաններում: Այդ դեպքում նույնիսկ մեկ մարդու հեռանալը երկրից խոսում է հենց առկա իրողությունների պահպանման օգտին, նույնիսկ մեկ մարդու հեռանալը նշանակում է մեղավոր մարդկանց պատասխանատվության հավանականության նվազեցում: Արտագաղթ կոչված երևույթը Հայաստանում վաղուց ի վեր չափվում է ամենևին ոչ թվերով, այն չափվում է լինել-չլինելով: Իսկ արտագաղթ կա: Եվ արտագաղթը ունի նաև մի բավական արատավոր հատկանիշ՝ այն իշխանության նման է, իշխում է հասարակության տրամադրությունների վրա և վերարտադրվում: Այսինքն` հեռացողները տրամադրություն են ստեղծում, ստեղծում են պոտենցիալ հեռացողներ, հոգեբանորեն հեռացողներ: Այսինքն` արտագաղթը վարակի նման է, որի բացիլները, բնականաբար, ցանվում են ապաշնորհ կառավարման արդյունքում»:

«Հրապարակ» թերթի խմբագրականում կարդում ենք․ - «Երևանի քաղաքապետարանը որոշել է արագ տեմպերով վերականգնել իր կորսված հեղինակությունը․ օրական մի քանի հաղորդագրություն է ստացվում քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, որոնք պատմում են, թե ինչ ջերմեռանդ է աշխատում Տարոն Մարգարյանը: Ինչպես է շրջագայում թաղերով, ինչ նոր բակեր ու ծաղկանոցներ է բացում, ինչպես է մաքրում ու լվանում մայրաքաղաքը, շքապատշգամբներ նորոգում, անվճար բուժօգնություն կազմակերպում, օգոստոսի 1-ին երեխաներին անվճար հրավիրում գազանանոց, 8 հազար 700 կտոր գիրք բաշխում Երևանի գրադարաններին ու դպրոցներին: Եվ ամենակարևորը՝ տրանսպորտային երթուղիների մրցույթ է հայտարարում, կարծես ասելով՝ քննադատում եք, դե եկեք՝ վերցրեք գծերը, ինքներդ աշխատեցրեք: Անշուշտ, այս ամենի 80 տոկոսը թատրոն է, և դրա տակ ոչ իրական աշխատանք է թաքնված, ոչ էլ դրա արդյունքում Երևանում իրավիճակն է փոխվելու: Բայց մի լավ բան կա այս ամենում․ չինովնիկն ու նրա ղեկավարած հիմնարկն անհանգստացած են իրենց վարկով, փորձում են բարձրացնել այն, շահել մայրաքաղաքի բնակիչների համակրանքը, ապացուցել, որ իրենք այնքան վատը չեն, ինչքան վերջին դեպքերի արդյունքում կարծում է հասարակությունը: Իսկ սա նշանակում է, որ մեզանում սկսել են կարևորել հասարակական կարծիքը»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է․ - «ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի սուտ պնդումն այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջին անգամ Ղարաբաղ է այցելել 1996 թվականին, միանգամայն տեղավորվում է 98-ին իշխանության կողմից որդեգրված և մինչ օրս կիրառվող «հայեցակարգի» մեջ, որի նպատակն է նսեմացնել արցախյան պատերազմում ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարի դերը: Մինչդեռ պետք է լինեն ինչ-որ անձեռնմխելի կետեր, որտեղ չի ներթափանցում ժամանակակից քաղաքական կոնյունկտուրան. ազգային-ազատագրական պայքարի խեղաթյուրումը, այսօրվա պաշտոնական առասպելաբանությունը ուղղակիորեն խփում են ոչ թե «նախորդ իշխանություններին», այլ մեր ժողովրդի ինքնագիտակցությանը: Առանց առասպելների ապրել, իհարկե, հնարավոր չէ: Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա ֆանատները նույնպես ունեն իրենց առասպելաբանությունը: Ըստ դրա՝ 1990-1998 թվականներին Հայաստանում գործում էր սահմանադրական կարգը, իշխանությունը կոռումպացված չէր, կազմակերպվում էին ազատ-արդար ընտրություններ, ոչ ոք չէր հետապնդվում քաղաքական հայացքների համար, կար հավաքների և խոսքի ազատություն»:

Գնահատելով տարածաշրջանային և միջազգային վերջին իրողությունները՝ «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը գրում է․ - «Ի տարբերություն Միացյալ Նահանգների ու նրա ավելի ուղղագիծ ռազմավարության ապահովման ՆԱՏՕ-ական հարթակի, Եվրամիությունը գործում է «փափուկ ուժի» քաղաքականությամբ, որն ունի և՛ իր առավելությունները, և՛ թերությունները: Առաջինն այն է, որ Եվրամիությունը հետխորհրդային տարածքի անմիջական հարևանն է և, ուշադրություն դարձնելով արժեքային էքսպանսիայի խնդիրներին, հնարավորինս խուսափում է Ռուսաստանի հետ առճակատումից: Երկրորդ կողմից ակնհայտ է, որ եվրոպացիները չունեն անվտանգության խնդիրների լուծման սեփական մեխանիզմներ, ուստի ինչ-որ առումով «կիսաայլընտրանք» են Ռուսաստանի համեմատ: Դա է պատճառը, որ եթե նախկինում մեր երկիրը հաջողությամբ զուգորդում էր Ռուսաստանի հետ՝ ռազմաքաղաքական, իսկ ԱՄՆ-ի հետ՝ տնտեսական համագործակցությունը, ապա 2013 թվականից ԱՄՆ-Եվրոպա փոխատեղման հետևանքով ստիպված է լուծել շատ ավելի բարդ խնդիրներ»: