Վեհափառը ընդունել է Ռուսաստանի դեսպանին

Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի

Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ Վեհափառը շնորհավորել է Ռուսաստանի դեսպանին նշանակման առիթով` իր աղոթքն ու բարեմաղթանքները բերելով նրա առաքելության հաջող իրականացման և արդյունավորման համար:

Գարեգին երկրորդը անդրադարձել է երկու երկրների միջև դարերի ընթացքում ձևավորված ջերմ հարաբերություններին` արձանագրելով, որ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում իր կարևոր ներդրումն ունի նաև Հայոց եկեղեցին:

Երկուստեք կարևորվել է տարբեր բնագավառներում հարաբերությունների առավել սերտացումը, ապա անդրադարձ է կատարվել նաև Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների եղբայրական հարաբերություններին և Ռուսաստանի հայկական համայնքի հոգևոր կյանքին: