Պռոշյանի գյուղապետարանի ողջ աշխատակազմը հրաժարական տվեց

Պռոշյանի գյուղապետարանի ողջ աշխատակազմը այսօր կեսօրին հրաժարական տվեց. 15 աշխատողներից 13-ը ներկայացրեցին աշխատանքից ազատվելու դիմումներ, իսկ երկուսին նորընտիր հանրապետական գյուղապետ Արթուր Մուրադյանը հուլիսի 26-ի հրամանով ազատել էր աշխատանքից։ Արդյունքում այս պահին Արթուր Մուրադյանը գյուղապետարանի միակ աշխատողն է։

Աշխատակազմը իր հրաժարականը հիմնավորեց գյուղում և գյուղապետարանում ստեղծված անվստահության մթնոլորտով, ինչը հետևանք է նախկին գյուղապետ դաշնակցական Հրաչ Մուրադյանի սպանության չբացահայտման և հուլիսի 14-ին կայացած գյուղապետի ընտրությունների։

Հիշեցնենք, Մուրադյանը սպանվեց ապրիլի 2-ին գյուղապետարանի շենքի դիմաց, ինչից հետո կայացան այդ արտահերթ ընտրությունները, և նրա նախկին հանրապետական մրցակից Արթուր Մուրադյանը ընդամենը 7 տասնյակ ձայնով առավելության հասավ սպանվածի ընտանիքի և գյուղապետարանի աշխատակազմի աջակցությունը վայելող դաշնակցական թեկնածու Վովա Սահակյանի նկատմամբ։ Ընտրություններից հետո Սահակյանը հայտարարեց կեղծված ընտրությունների մասին, անցած շաբաթ էլ ազատվեց գյուղապետի տեղակալի պաշտոնից՝ մամուլին պարզաբանելով, թե ինքը «այս տեսակի հետ աշխատել չի կարող»։

Այսօր դիմումներ ներկայացրած աշխատակիցները իրենց քայլը որակում էին իշխանություններին ուղղված բողոքի յուրահատուկ ակցիա։

«Պատահական չէ, որ այստեղ ենք կանգնած, հենց այստեղ են սպանել Հրաչ Մուրադյանին ,և ի սկզբանե ես միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ սպանել են գյուղապետ դառնալու համար, իր աթոռը գրավելու համար»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց սպանված գյուղապետի եղբորորդի Հակոբ Մուրադյանը, ով աշխատում էր որպես առաջատար մասնագետ. - «Եթե իշխանությունները այսքան ուժ ներդրեցին ընտրություններում, ընդհուպ մինչև պաշտպանության նախարար խառնեցին, որ անցնի Արթուրը, ես կասկածում եմ»։

«Մենք աշխատել ենք վստահության մթնոլորտում, այսօր այդ մթնոլորտը չկա։ Եթե գործը բացահայտված լիներ, միգուցե այս ամենը չլիներ»,- հավելեց գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Լուսինե Պետոյանը։

Իսկ գյուղապետի օգնական Աղվան Սահակյանը, ով ապրիլի 26-ի հրամանով հեռացվածներից էր, հայտարարեց, որ իրեն եթե չհեռացնեին էլ, ինքը չէր կարող շարունակել աշխատել։

«Եթե մի ընտրություններ գնում է ամբողջ պետական մեքենայի ուժի գործադրման ներքո, դա ընտրություն չէ և ընտրության նման չէ։ Ուրեմն չարժե էնտեղ կանգնել և աշխատել։ Հանրապետական կուսակցությունը էսպես ժողովրդի վրա ճնշում գործադրելով իր գերեզմանը արդեն փորել է, հասնում է ավարտին»,- ասաց նա։

Նորընտիր գյուղապետը դատապարտում է Հրաչ Մուրադյանի սպանության առնչությամբ իշխանություններին շարունակ հասցեագրվող մեղադրանքները. ասաց, որ ինքն էլ շահագրգիռ է իր մարտական ընկերոջ սպանության շուտափույթ բացահայտման հարցում։ Նա, ի դեպ, նախապես տեղեկացված չէր այս ակցիայի մասին։

«Ես երեկ կայքից եմ տեղեկացել, ինձ չեն էլ զգուշացրել, որ նման բան են անում։ Ցանկություն ունեն, թող աշխատեն, ես չեմ պատրաստվում իրենց հեռացնել, իսկ եթե իրենք հեռանում են իրենց կամքով, բնականաբար, գյուղում կան շատ կրթված երիտասարդներ, որ կարող են աշխատել, ի՞նչ է եղել»,- գյուղապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Մուրադյանը՝ հավելելով, որ ինքը նախկին աշխատակազմից ազատվելու ծրագիր երբևէ չի ունեցել, իսկ այդ երկու հոգուն ազատել է աշխատանքի չներկայանալու համար։

Նոր գյուղապետը նաև ընդգծեց, որ ցանկացած պարագայում հրաժարական չի տա, քանի որ իրեն «գյուղացին է ընտրել»։

Մինչ լրագրողները զրուցում էին գյուղապետի հետ, մի տարեց կին վրդովված բարձրացավ վերև՝ լրագրողներին հորդորելով չհավատալ հրաժարական ներկայացրած աշխատակազմին։

«Պաշտպանեք ժողովրդին, որ էս սովխոզը չբաժանվի երկու մասի՝ աշնակ-դաշնակ, լավ-վատ, էս-էն, էս ի՞նչ բան էր։ Ազատագրվեցինք։ Հրաչը շատ լավ նախագահ է եղել, բան չունեմ ասելու, ընտիր, բայց նրանից հետո ժողովրդին կիսեցին, արին երկու բաժին, կռիվ, դավի, թշնամություն, էս ինչ բան էր, խաղաղացրեք»,- ասաց Էմմա Ավետիսյան ներկայացած կինը, հետո իջավ գյուղապետարանի բակ՝ հրաժարական ներկայացրածներին հարցնելով՝ ո՞ւր են իմ հողերը։

«Հողերս ո՞ւր են, երկու հող ունեի, ո՞ւր է ։ Հողերս չկան, բազմազավակ նաֆար եմ, հողերս ծախել են, չկան։ Առանց իմ համաձայնության վաճառել են, չգիտեմ՝ ով։ Տղաներս իրենց դարդից թողել գնացել են Ռուսաստան, ես էլ 72 տարեկան կնիկ, ո՞ւմ դատի տամ, ով բանի տեղ կդնի, որ փող տան, էնպես կերան, խաբար չեղանք»,- ասաց տարեց կինը՝ համոզմունք հայտնելով, որ Մուրադյանի սպանությունը կարող էր նման «խալտուրաները» ծածկելու նպատակ ունենար։

Այնուհետև տիկնոջ բողոքին միացավ մի տարեց տղամարդ՝ բղավելով. -«Ես Վովա Սահակյանի կողմնակիցն եմ եղել, բայց չի կարելի, իրենց ո՞վ է ասում դուրս գան, մնացեք աշխատեք, չէ՛ , ուրեմն վախկոտ եք»։

Հրաժարական ներկայացրած թիմը իրենց բողոքի դեմ այս ակցիան որակում է դիտավորյալ հրահրված։