Ակտիվիստները տոնում են ուղեվարձի բարձրացման մասին որոշման կասեցումը

Your browser doesn’t support HTML5

Երևանյան տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները, երեկ իմանալով ուղեվարձի բարձրացման որոշումը կասեցնելու` քաղաքապետի հայտարարության մասին, քայլարշավ կազմակերպեցին երևանյան փողոցներով:
«Ժողովուրդ, շնորհավոր բոլորիդ հաղթանակի կապակցությամբ», - բարձրախոսով հայտարարում էին նրանք:

Ակտիվիստները գտնում են, որ հենց իրենց պայքարի արդյունքում քաղաքապետը ստիպված եղավ կասեցնել ուղեվարձի բարձրացման մասին որոշման գործողությունը:

Ակցիայի մասնակիցները վստահ են, որ իրենց հաղթանակի հիմքում համախմբվածությունն է:

«Փորձը ցույց տվեց, որ անհրաժեշտության դեպքում ժողովուրդն ի վիճակի է նեղ պահին միասնական ոտքի կանգնելու, եւ շատ կարևոր հանգամանք` այստեղ բնակչության տարբեր խավեր էին. Մտավորականներից, բանվորներից, մինչև անգամ մեծահարուստներ, ովքեր իրենց մեքենաներով էին անվճար սպասարկում ժողովրդին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Մեր պահանջները դեռևս չեն կատարվել: Սկսենք նրանից, որ 150 դրամի որոշումն էր ամբողջովին անօրինական, և վերջացնենք նրանով, որ այս որոշումն էլ այդքան իրավական տեսանկյունից նորմալ չէ», - նշեց ակցիայի մասնակից հեծանվորդներից մեկը, հավելելով. - «Բայց որ քաղաքացիների, ուղևորների, վարորդները պաշտպանվեն եւ մենք ունենանք նորմալ հանրային տրանսպորտ, այդ խնդիրները առայժմ ոչ մի լուծում չեն ստանում: Ամենագլխավոր խնդիրը, որ մենք տեսնում ենք, դա գծերի ապասեփականաշնորհումն է»:

Մաշտոցի պողոտայում բարձրացանք երթուղայիններից մեկը, ուղևորներն արդեն տեղյակ էին, որ ուղեվարձը դարձյալ 100 դրամ է: Միկրոավտոբուսի վարորդն էլ ասաց, որ քաղաքապետի ուղերձից անմիջապես հետո 100 դրամ է գանձում:

Ի դեպ, նկատեցինք ավտոմեքենաներ, այդ թվում տաքսիներ, որոնք շարունակում էին մադրկանց անվճար տեղափոխել: Վարորդներն ասացին, որ տեղյակ չեն քաղաքապետի ուղերձի մասին:

Մաշտոցի պուրակում զրուցեցինք Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, ով «նորմալ» գնահատում այն արդյունքը, որն այսօր ունեն ակտիվիստները:

«Իհարկե, ողջունելի է, բայց դեռ երիտասարդները աշխատելու տեղ ունեն, ավելի կրթվելու, ավելի... օրենք չիմանալը չի ազատում պատասխանատվությունից», - անցած օրերին երիտասարդ ակտիվիստների գործողությունները գնահատելով` ասաց փոխոստիկանապետը:

Ակցիայի մասնակիցները մոտեցան նաև կառավարության շենքին, վանկարկելով ամոթ, գոռալով ու սուլելով, ինչից հետո ոստիկանների հորդորով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ: Այստեղ կայացած ինքնաբուխ հանրահավաքում էլ ակտիվիստները որոշեցին այսօր հավաքվել քաղաքապետարանի առջև և պահանջել, որ քաղաքապետը պատասխան տա: