Ստեփանակերտում ուղեվարձի բարձրացում է սպասվում

Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ստեփանակերտի տրանսպորտը սպասարկող ընկերությունները վաղուց են պայքարում սակագների բարձրացման համար, սակայն կառավարությանը դեռ հաջողվել է հետաձգել այդ թակացումները:

«Մեզ հաջողվել է հետաձգել մինչև թոշակների և աշխատավարձերի բարձրացում: Իսկ դա նախատեսում ենք հունվարի 1-ից»,- ասել է վարչապետը, ավելացնելով, որ Ստեփանակերտում ուղևորափոխադրում իրականացնող ընկերություններն աշխատում են վնասով և այս տարիներ շարունակ կառավարությունն է փոխհատուցում նրանց վնասների չափը:

Ստեփանակերտում ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները երկուսն են՝ պետական և մասնավոր: Դեռևս վեց ամիս առաջ, կառավարության ղեկավարի խոսքերով, այդ ընկերությունները պահանջել են վերանայել տրանսպորտային փոխադրումների սակագինը՝ 70 դրամը դարձնել 100 դրամ:

Վարչապետի փոխանցմամբ ընկերությունները պահանջում են ուղեվարձը դարձնել 100 դրամ, մինչդեռ կառավարության հաշվարկների համաձայն այն պետք է լինի 85-90 դրամ:


Լուսինե Մուսայելյան