Քաղաքապետարանը հրապարակեց ուղեվարձի բարձրացման մասին որոշումը

Մարդու իրավունքների պաշտպանի և Երևանի ավագանու ընդդիմադիր «Բարև, Երևան» դաշինքի պաշտոնական հարցադրումներից հետո Երևանի քաղաքապետարանը քիչ առաջ վերջապես հրապարակեց քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումը, որը թվագրված է հուլիսի 19-ի ամսաթվով։

Որոշման մեջ նշված է, որ ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը հուլիսի 20-ից մեկ ուղևորի համար սահմանվել է 150 դրամ՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի թվով 48 երթուղիներ սպասարկող կազմակերպությունների գրություններն ու ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթների կազմակերպման հանձնաժողովի հուլիսի 17-ի եզրակացությունը։

Փաստորեն 5 օր ուղևորներից գանձվում էր 150 դրամ առանց հրապարակված որոշման, ինչը այսօր ավելի վաղ ստիպել էր օմբուդսմենին պաշտոնապես Տարոն Մարգարյանին հարցնել՝ արդյոք նա ստորագրե՞լ և օրենքով նախատեսված ձևով հրապարակե՞լ է նման որոշում և եթե՝ ոչ, ապա ակնհայտ չի համարում , որ «առանց պատշաճ հրապարակման նման որոշում իրավաբանորեն գոյություն չունի»:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն էլ մի շարք օրենքների ցանկում հիշատակել էր «Իրավական ակտերի մասին» օրենքը, որի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը ուժի մեջ մտնում են բացառապես պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, եթե ավելի ուշ ժամկետ սահմանված չէ»:

«Բարև, Երևան» դաշինքը համոզված է, որ 5 օր շարունակ՝ հուլիսի 20-ից մինչև այսօր, ուղևորներից ապօրինի է գանձվել այդ 150 դրամը։

«Ես ժամեր առաջ հայտարարություն էի տարածել այն մասին, որ քաղաքապետը պետք է հրաժարական տա, և բերել էի 7 պատճառներ, որոնցից մեկը չհրապարակված իրավական ակտի հիման վրա ուղեվարձը 150 դրամ գանձելն էր։ Այսինքն արձանագրել է պետք, որ հուլիսի 20-24 ը մայրաքաղաքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կողմից բառիս բուն իմաստով դրամաշորթություն էր կատարվում։ Այս գործընթացը ոչ միայն ոչ իրավական է եղել, այլև Երևանի քաղաքապետի խրախուսմամբ գծատերերը բախումներ հրահրելու նպատակով սադրիչներ են ներքաշել քաղաքացիական ակտիվիստների դեմ պայքարի համար»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց դաշինքի ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը։

«Բարև, Երևան» դաշինքի ղեկավար Անահիտ Բախշյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ օրեր շարունակ քաղաքացիներից գումար է գանձվել երթուղայիններում ու ավտոբուսներում փակցված «Ուղեվարձը 150 դրամ» գրության հիման վրա՝ առանց պաշտոնական որոշման համարի ու գրության։

«Սա ոչ այլ ինչ է, քան գողություն»,- ասաց նա։

Ավագանու ընդդիմադիր դաշինքը տրանսպորտի թանկացման խնդիրը ավագանու արտահերթ նիստում քննարկելու նախաձեռնությամբ է հանդես եկել։ Մինչ այդ դաշինքը տարածել է ավագանու քննարկվելիք փաստաթղթի նախագիծ, որում կոչ է անում ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքում մայրաքաղաքային երթուղիները սպասարկող միկրոավտոբուսների, ավտոբուսների ու տրոլեյբուսների ուղեվարձի սակագնի բարձրացման մասին քաղաքապետի որոշումը։ Իշխանությունները պարտավոր են ընդառաջ գնալ ժողովրդի ընդվզմանը, կարծում է դաշինքի ղեկավարը։

«Մտածում ես էլի, իշխանությունը ինքն իրեն ծաղրում է, թե ինչ է անում։ Ո՞նց
կարելի է ժողովրդին այդ աստիճան արհամարհել, այս քայլով իրենք ասում են «թքած ունեմ ես քո վրա, պարանը դրել եմ վզիդ և կամաց խեղդում եմ»։ Անընդհատ ամեն քայլով հրահրում են ժողովրդին իրենց դեմ»,- ասաց Բախշյանը։

Ավագանու արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը միանում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Նիստը գումարելու համար անհրաժեշտ է առնվազն 22 ստորագրություն, երկու խմբակցությունները միասին ավագանիում ունեն 23 անդամ։

«Զրուցել ենք տարբեր տնտեսագետների հետ, որոնք ևս հիմնավոր չեն համարում սակագնի բարձրացումը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը, -«Գծատերերի հիմնավորումները չպետք է ընդունել հիմք, գծատերերը շահագրգիռ կողմ են, երբ հայտարարում են, որ տարիներ շարունակ 100 դրամի պայմաններում աշխատել են վնասով։ Կա մեկ տարբերակ, ուրեմն նրանք բոլորը եղել են մազոխիստներ։ Ոչ, նրանք բոլորն էլ աշխատել են գերշահույթով, պարզապես հիմա ուզում են ավելացնել իրենց շահույթը, ուստի նման կատաղի պայքար են մղում 50 դրամի համար։ Մենք զրուցել ենք տասնյակ վարորդների հետ, և ես վստահեցնում եմ, այս սակագնի բարձրացումից վարորդները մեկ լումա ավելի չեն ստանալու։ Սա միանշանակ է, սրանից շահելու են միայն գծատերերը»։

Զոհրաբյանը ընդգծեց, որ եթե իշխանությունների փաստարկները հիմնավոր են, ուրեմն ավագանու Հանրապետական խմբակցությունը ևս պետք է շահագրգիռ լինի արտահերթ նիստի անցկացման հարցում, ոչ թե փորձի քվորում չապահովելով տապալել այն։

Երևանի ավագանու հանրապետական անդամ Աստղիկ Գևորգյանը փոխանցեց, որ իրենց խմբակցությունում առայժմ նման հարց չի քննարկվել։