Վարդան Ղուկասյանի մերձավորների կողմից ծեծի ենթարկված Սարգսյանը բողոքել է

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան

Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը, ով ականատեսների վկայությամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում բռնության էր ենթարկվել Գյումրիի նախկին քաղաքապետին ուղեկցող անձանցից մեկի կողմից, հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նախկին ոստիկանապետը, ով Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայրն է, անցած շաբաթ Շիրակի մարզի դատարանում մասնակցում էր որդու դատավարությանը, այդ միջադեպից հետո նախաինֆարկտային վիճակով տեղափոխվել էր Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ պատմել էր, որ իր նկատմամբ բռնություն են կիրառել, հարվածել են: Սամվել Սարգսյանի հարազատների խոսքով, Անիի նախկին ոստիկանապետին հարվածել են անակնկալ կերպով, երբ Վարդան Ղուկասյանը, դատական նիստը չավարտված, իր հարցաքննությունը չավարտված, իրեն ուղեկցող մի քանի տասնյակ անձանց հետ ուղղակի լքել էր դատարանի դահլիճը: Հարվածողը Ղուկասյանին ուղեկցողներից մեկն է եղել: Սամվել Սարգսյանն արդեն վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:

Ոստիկանությունից հաղորդում են, որ քրեական գործի հարուցման մասին դեռեւս խոսք չկա, նյութեր են նախապատրաստվում: