Ալբերտ Երկրորդը հրաժեշտի ուղերձով դիմել է բելգիացիներին

Այսօր հրաժեշտի ուղերձով Բելգիայի ժողովրդին է դիմել երկրի թագավոր Ալբերտ Երկրորդը:

Հուլիսի 3-ին իր որդու՝ 53-ամյա Ֆիլիպ արքայազնի օգտին գահից հրաժարված միապետը շնորհակալություն է հայտնել բելգիացիներին իր գահակալության 20 տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության համար:

Գահը զիջող միապետը հնչեցրել է նաեւ իր «քաղաքական կտակը»՝ կոչ անելով պահպանել Բելգիայի միասնականությունը, զարգացնել համաեվրոպական արժեքները:

Ալբերտ Երկրորդը իր հրաժարականը պայմանավորել է տարիքի ու առողջության հետ կապված խնդիրներով, որոնք թույլ չեն տալիս «արդյունավետ կերպով կատարել» միապետի պարտականությունները:

Սա առաջին դեպքն է Բելգիայի պատմության մեջ, երբ թագավորը ինքնակամ հրաժարվում է գահից: