Թյուրքալեզու երկրները քննարկում են միացյալ լեզվի հնարավորությունը

Բիշքեք-- Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի համաժողով, 23-ը օգոստոսի, 2012

Թուրքիայի կրթության նախարար Նաբի Ավջին, «Իհլաս» պարբերականի փոխանցմամբ, անցած ուրբաթ օրը հայտարարել է, որ թյուրքալեզու պետություններին անհրաժեշտ է միացյալ թուրքերեն լեզու, ինչը կխթանի թյուրքալեզու ժողովուրդների ինտեգրումը։

«Թյուրքալեզու երկրներն արդեն հաջողությամբ իրականացնում են այդ ծրագիը»,- ասել է նախարարը՝ նշելով, որ դրան զուգահեռ նմանօրինակ ծրագրեր են իրագործվում նաև ՅՈԻՆԵՍԿՕ-ի աջակցությամբ։

Նաբի Ավջիի խոսքերով՝ անհրաժեշտ է պատրաստել պատմության, աշխարհագրության և գրականության միացյալ դասագրքեր ամբողջ թյուրքալեզու տարածքի կրթական հաստատությունների համար։

Այս նախաձեռնությունը նորություն չէ և ունի հստակ քաղաքական նպատակ։ Մեկ ամիս առաջ Բաքու այցելած Ստամբուլի թուրք-ադրբեջանական միության նախագահ Սաֆար Կարակոյունլուն ասել է, որ միացյալ լեզուն հիմք կլինի Թյուրքական աշխարհի միություն ստեղծելու համար։

«Մենք ցանկանում ենք հնարավորինս արագ ստեղծել Թյուրքական աշխարհի միությունը, Թյուրքական աշխարհում ապրում է 250 միլիոն մարդ, ինչո՞ւ այն չկազմել»,- այս տարվա հունիսի 17-ին Բաքվում հայտարարել է Կարակոյունլուն և հավաստիացրել, որ ծրագիրը որևէ կերպ վնաս չի հասցնի թուրք-ադրբեջանական երկկողմ կապերին։

Դեռ 2011 թվականի նոյեմբերին Բաքվում գումարվել է «Թյուրքական աշխարհի ինտեգրումը, համաթյուրքական այբուբեն և լեզու» թեմայով խորհրդաժողով, որի ընթացքում Ադրբեջանի խորհրդարանի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Նիզամի Ջաֆարովն ասել էր, թե արդիական թուրքերենը կարող է դառնալ թյուրքական աշխարհի ընդհանուր լեզվի հիմքը։

«Այն արդեն կատարում է ընդհանուր լեզվի գործառույթը, որովհետև թուրքերեն է խոսում ավելի քան 100 միլիոն մարդ»,- ասել է Ջաֆարովը։

Նրա խոսքերով՝ համաթուրքական լեզվի խնդիրը տարիներ շարունակ քննարկվում է թյուրքական ժողովուրդների «կուրուլտայներում»` հավաքներում։

«Թյուրքերը պետք է իրար հետ շփվեն թյուրքերեն, այլ ոչ թե օտար լեզուներով»,- ասել է Ջաֆարովը։
Հավաքի բանախոսներից Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Խուլուսի Քըլիջն էլ ավելացրել էր, որ թյուրքական աշխարը, թյուրքերի միասնությունն օր օրի հզորանում են։

«Այդ միասնությունը կայացվում է ոչ թե ռազմական համագործակցության, այլ տարածաշրջանի խաղաղության համար»,- ասել էր Քըլիջը։

Փաստորեն, համաթյուրքական լեզուն ստեղծելու ծրագիրը դեռ նոր է իրականացվում, նշենք, սակայն, «թյուրքիզմը» արդեն կա։ Թուրքիայում, Ադրբեջանում և թյուրքալեզու մի շարք այլ պետություններում մայիսի 3-ը նշում են որպես Թյուրքիզմի, կամ Թյուրքական համերաշխության օր։