Պարզաբանումներ վճարովի ավտոկայանման կարգի շուրջ

Հուլիսի 1-ից մայրաքաղաքի Փոքր կենտրոնի 8-9 փողոցներում արդեն գործում է վճարովի ավտոկայանման նոր կարգը։
Քաղաքապետարանի ավագանու որոշմամբ կայանման առաջին 5 րոպեն անվճար է, մինչև մեկ ժամը՝ 100 դրամ, մեկ օրը՝ 500, մեկ շաբաթը՝ 1000, մեկ ամիսը՝ 2000 դրամ, տարվա համար՝ 12 000 դրամ։ Երեկոյան ժամը 24:00-ից մինչև առավոտյան ժամը 9:00-ը կայանելու համար գումար չի գանձվի:

Քաղաքապետարանի կողմից լիազորված ու սպասարկումն իրականացնող «Փարքինգ սիթի սերվիզ» ՓԲԸ տնօրեն Վազգեն Հարությունյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ վճարումները կատարվելու են ոչ կանխիկ տարբերակով և եթե քաղաքացին, օրինակ, կայանելուց հետո պարզել է, որ բջջայինում համապատասխան գումար չունի SMS-ով վճարում կատարելու համար, ապա առաջարկում է օգտվել, օրինակ՝ մոտակա բանկերից։

«Երևանի փողոցներում բավականին շատ են վճարահաշվարկային տերմինալները, կազմակերպությունները, բանկերը, որտեղ կարող են մտնել ու վճարումներ կատարել», - ասաց Հարությունյանը։

Իսկ ինչ վերաբերում է տարեկան 12 000 դրամ վճարելուն, պարզվում է, որ այն սահմանված է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ի համար, եւ եթե հաշվի առնենք, որ վճարման կարգը գործելու է օգոստոսի 1-ից, ստացվում է, որ օգոստոսի մեկից մինչեւ դեկտեմբերի 31-ը ընկած ժամանկահատվածի համար է վարորդը վճարելու 12 000 դրամ։

«Ամեն տարվա տուրքը սահմանվում է Երևան քաղաքի ավագանու կողմից։ 2013-ի համար տուրքը սահմանվել է 2012-ի դեկտեմբերի 25-ին, իսկ այս տարեվերջ կսահմանվի 2014-ի տուրքի դրույքաչափերը եւ 2014-ի հունվարից արդեն կարող ենք վճարումներ կատարել տարեկան կտրվածքով ամբողջ 2014-ի մինչեւ դեկտեմբերի 31-ի համար։ Ինձ թվում է գնային փոփոխություն չի լինի», - հույս հայտնեց Հարությունյանը։

Նոր վճարովի ավտոկայանատեղիներն առանձնացված են կարմիր գծանշաններով, տեղադրված են տեղեկատվական վահանակներ, որտեղ նշված են այն կարճ համարները, որոնք նախատեսված են SMS-ով վճարում կատարելու համար, վահանակին գրված է նաեւ քաղաքապետարանի այն հաշվեհամարը, որն էլ նախատեսված է բանկերից վճարումներ կարատելու համար։ Իսկ հենասյուներին ամրացված տեսախցիկներ:

«Իսկ ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ ժամային հաշվարկը կատարվում է շրջիկ մեքենաների միջոցով, որոնք 5 րոպե պարբերականությամբ շրջում են և շրջելու են Երևանի փողոցներում և ավտոմատ կերպով ճանաչելու են պետհամարիշները և թվայնացված տեսքով այն հանձնելու են մեր համկարգին», - ասաց Հարությունյանը։

Ներկայիս 8-9 փողոցների համար գործում է 4 շրջիկ ավտոմեքենա, որոնց թիվը շուտով կավելանա։ Հարցին, թե արդյոք այդ մեքենաները հասցնելու են բոլոր կայանատեղիներով շրջել ու ճշգրիտ գրանցել մեքենաների կայանման ժամանակը, Հարությունյանը պատասխանեց. - «Հստակ երթուղի կա նշված, որով շրջում են և հաշվարկն այնպես է արված, որ ժամային տատանումներ չեն լինի: Տվյալ սարքերն ունեն նավիգացիոն մոդուլ, կպած են GPS համակարգին և ժամային տվյալները ստանում են այնտեղից։ Մարդկային գործոնն այստեղ բացառվում է, անգամ շրջիկ մեքենայի վարորդը չի կարող ինֆորմացիային տիրապետել, թե որը ֆիքսվեց, որը ոչ։ Դա կատարվում է ավտոմատացված կերպով, համապատասխան կրիչների վրա, որտեղ ոչ ոք ինֆորմացիայի մուտք չունի»։

Օգոստոսի 1-ից վճարովի ավտոկայանատեղիներում կայանած ու վճարում չկատարած վարորդները կտուգանվեն՝ 5000 դրամ։ Հովհաննիսյանը նշում է, որ իրենք ապացույցները ուղղարկում են քաղաքապետարան, իսկ արձանագրությունը կազմում եւ տուգանքներ նշանակում է քաղաքապետարանը, որպես վարչական մարմին։

Հարությունյնաը հավելեց, որ Կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի որոշման մեջ նշված է, որ ավտոկայանատեղի կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում տրանսպորտային միջոցների անվտանգության համար։

«Բայց քանի որ մենք տեղադրում ենք տեսախցիկներ և վերահսկողություն իրականացնում, համապատասխան պատահարի դեպքում մեքենայի սեփականատերը կարող է դիմել քաղաքապետարան և սահմանված կարգով ու ժամկետներում տվյալ տեսագրությունը կտրամադրեն իրեն, որպեսզի դիմի համապատասխան մարմիններին իր գործին լուծում ստանալու համար», -փոխանցեց Հարությունյանը։

Հարցին, թե ուր են գնալու գանձված գումարները, Հարությունյանը պատասխանեց. - «Գումարն ամբողջությամբ գնում է քաղաքապետարան: Հաշվետու ժամանակաշրջանի վերջում մենք մեր մատուցած ծառայության դիմաց ստանում ենք համապատասխան վարձատրություն։ Հաշիվը տնօրինում է քաղաքապետարանը, իսկ թե ինչպես՝ չեմ կարող ասել»։