Հրեա ցեղասպանագետի գիրքը հրատարակվել է հայերեն

Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել իսրայելցի գիտնական, ցեղասպանագետ Յաիր Աուրոնի «Սիոնիզմը եւ Հայոց ցեղասպանությունը․ անդունելի արտարբերություն» աշխատությունը:

Տարիներ առաջ եբրայերեն հրատարակված այս ուշագրավ գիրքը, որն արդեն թարգմանվել ու հրատարակվել է մի շարք լեզուներով, մոսկովաբնակ գործարար Կարեն Բաղդասարովի նախաձեռնությամբ թարգմանվել և լույս է տեսել նաև հայերեն: Ռուսերեն հրատարակությանից գիրքը թարգմանել է Աննա Սաֆարյանը:

Այս օրերին գրքի հեղինակը Հայաստանում է և իր հանդիպումներում ներկայացնում է գիրքն ու Իսրայելի պաշտոնական տեսակետից տարբերվող իր կարծիքը Հայոց ցեղասպանության մասին:

«[Յաիր Աուրոնը] Իսրայել պետության տասնամյակների պատմության մեջ առաջին անգամ կատարել է խիզախ քայլ, իսկապես աննախադեպ քայլ՝ ասել է ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին», - Հայաստանի գրողների միությունում հրեա հեղինակի հետ հանդիպմանն ասաց միության նախագահ Լեւոն Անանյանը:

Աուրոնի խոսքով՝ այս գիրքը գրվել է նախևառաջ իր ժողովրդի համար, բայցեւ հայ հասարակության համար, և այն ևս մեկ քայլ է դեպի Հայոց ցեղասպանության, որը նա համարում է Հոլոքոսթի նախերգանքը, միջազգային ճանաչումը:

Իսրայելցի գիտնականը կոչ է անում ցեղասպանության ենթարկված ժողովուրդներին աշխատել միասին, որպեսզի այլևս երբեք չկրկնվեն նման ողբերգությունները:

«Մենք պայքարում ենք [Իսրայելի] կառավարության կեցվածքի դեմ, որովհետեւ կառավարության կեցվածքը բարոյական չէ: Նույնիսկ կասեմ, որ հակաբարոյական է: Իսրայելը մեր անցյալի պատճառով իրավունք չունի ուրանալ Հայոց ցեղասպանությունը», - նշեց նա: