12 հազար դիմորդներ կհամալրեն ուսանողների շարքերը

Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական տվյալներով՝ այս տարի պետական և մասնավոր բուհեր ընդունվածների թիվը 12.000 է:
Այս տարի, հիշեցնենք, 15.000 դիմորդներից չեն ընդունվել 2500-ը: Այս տվյալները չեն վերաբերվում ներբուհական քննություններին:

Ընդունված դիմորդների տասը տոկոսը կսովորեն անվճար հիմունքներով, նրանց մեջ են մտնում նաև տարբեր արտոնություններից օգտվեղ 97 դիմորդներ: Վճարովի ընդունված դիմորդները 9095-ն են: Դիմորդների առումով ամենամեծ թիվն արձանագրվել է ԵՊՀ-ում՝ 4050 դիմորդ, որից ընդունվել են 3338-ը:

Քննություններից հետո պետական բուհերի որոշ բաժիններում թափուր տեղեր են մնացել: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանի խոսքով՝ այս առումով վիճակն առավել մտահոգիչ է պետական բուհերի մարզային մասնաճյուղերում:

Դիմորդների մեծ թիվ է գրանցվել Տնտեսագիտական համալսարանում, բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում և ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:

Առջեւում երկրորդ փուլն է, որին կարող են մասնակցել այն 600 դիմորդները, որոնց մեջ են բանակից զորացրվածները, արտասահմանցի դիմորդները եւ առաջին փուլում բացակայողները:

Մյուս տարվա համար կվերանայվեն շտեմարանները և որոշակի փոփոխություններ կկատարվեն թեստերի կառուցվածքի մեջ: