Հանրապետության 15 հազար դիմորդներից 12 հազարը կդառնան ԲՈՒՀ-երի ուսանողներ

Your browser doesn’t support HTML5

Այսօր Հայաստանի բոլոր պետական և մասնավոր բուհերի դիմորդները տեղեկացել են, թե ինչ բուհի ինչ ֆակուլտետ են ընդունվել և քանի միավորով։

Այս տարի Հայաստանում դիմորդների ընդհանուր թիվը մոտ 15 հազար էր՝ չհաշված միջպետական համաձայնագրերով գործող երեք բուհերի՝ Հայաստանի Ամերիկյան, Ֆրանսիական ու Սլավոնական բուհերի դիմոդներին։ 15 հազարից պետական և մասնավոր բուհեր ընդունվել են մոտ 12 հազար, մոտ 2500-ը չի կարողացել դրական միավոր ստանալ ընդունելության քննություններում, մնացած 500-ը ստացել է դրական միավոր, բայց չի ընդունվել և հնարավորություն կունենա մասնակցել նոր մրցույթի։

Երևանի պետական համալսարան առաջին հայտով դիմել է 4081 դիմորդ, 3338-ը ընդունվել է։ Անցյալ տարվա 5411 դիմորդից մոտ 1300-ով պակաս դիմոդների թիվը Ընդունող հանձնաժողվի քարտուղար Վաչագան Գալստյանը բացատրեց ողջ հանրապետությունում դիմորդների թվի նվազմամբ։ Երևանի պետական համալսարանում մնացել են նաև թափուր տեղեր հիմնականում բնագիտական թևում, ուր հնարավոր էր ընդունվել երկու դրական միավորով։

Այս տարի նույնպես, ինչպես Խորհրդային միության տարիներին, ուսանողները, իրենց անունները փնտրելով ու գտնելով բուհի պատին փակցված ցուցակներում, տեղեկացան՝ ընդունվել են համալսարան, թե ոչ։ Հայաստանի Ամերիկյան և աշխարհի բազմաթիվ այլ համալսարաններ իրենց ուսանողներին էլեկտրոնային նամակով են տեղեկացնում ընդունվելու մասին։