Հուլիսի 13-ի մամուլ

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է․ - «Որքան էլ Հայաստանի իշխանությունները ձևացնեն, թե Ռուսաստանից ու Եվրոպայից ճնշումներ չկան, և Հայաստանը լավ էլ կարող է միաժամանակ և՛ Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունները խորացնել, և՛ Եվրամիության հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, այնուամենայնիվ ակնհայտ է, որ երկու կողմից էլ ճնշումներն ուժեղանում են, և Սերժ Սարգսյանը սպառում է «խաղեր տալու» իր ռեսուրսը»: «Իսկ Հայաստանը միայն մի շանս ունի՝ պետք է հնարավորինս արագ ապացուցել, որ խաղն ապօրինի էր, քանի որ Սերժ Սարգսյանը Հայաստանի անունից խաղադրույք կատարելու իրավունք չուներ: Այդ դեպքում գուցե դեռ հնարավոր կլինի ինչ-որ բան փրկել: Եթե, իհարկե, արդեն չափազանց ուշ չէ», - ընդգծում է թերթը:

«Ի՞նչ հետդարձի մասին կարող է խոսք լինել, եթե անցել ենք հսկայական ճանապարհ», - պատասխանելով «Հայոց աշխարհ»-ի հարցին՝ ասում է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը եւ մանրամասնելով․ - «Ինքս, որպես Արևելյան գործընկերության «Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ, 2-3 տարի ակտիվորեն մասնակցել եմ այդ աշխատանքներին, գիտեմ՝ ինչ մեծ ջանքեր են գործադրվում և՛ մեր պատվիրակության, և՛ մնացած 5 երկրների պատվիրակությունների կողմից, թե ինչպիսի մեծ աշխատանք է կատարում Եվրամիությունը Արևելյան գործընկերության ծրագրի արդյունավետությունն ապահովելու համար։ Հայաստանը պատրաստ է, և վերը նշված 7 կետերը հաղթահարելուց հետո որևէ խոչընդոտ չկա՝ աշնանը նախատեսված Վիլնյուսի գագաթաժողովում ստորագրելու այդ փաստաթուղթը։ Մենք որևէ մեկից որևէ բան թաքցնելու, ինչ-ինչ մութ խաղերի մեջ մտնելու խնդիր չունենք»։

Lragir.am-ն էլ մեկնաբանում է դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանի այն դիտարկումը, թե «մենք ամեն ինչ արեցինք», որպեսզի Եվրամիության և Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը «և-և»-ի փոխարեն հանգի «կամ-կամ»-ի սխալ և սուր հարցադրմանը»: «Հայաստանում կամ միտումնավոր, կամ ակամայից շարունակվում է նենգափոխվել և խեղաթյուրվել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի խնդիրը: Թե ում է դա ձեռնտու Հայաստանի ներքին կյանքում, այդքան էլ պարզ չէ, որովհետև հիմնական քաղաքական ուժեր կոչված սեգմենտը միայն փակ՝ ոչ ձայնագրման համար հանդիպումներ է ունենում Շտեֆան Ֆյուլեի հետ, իսկ հասարակության հետ խոսում է միայն այն դեպքում, երբ և-ը և-ից է անցնում, կամ-ը կամ-ից, իսկ բանն էլ՝ բանից», - նկատում է էլեկտրոնային պարբերականի մեկնաբանը:

Տեղեկացնելով, որ երեկ Ազատության հրապարակում Նախախորհրդարանի անցկացրած հանրահավաքից հետո Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը բերման է ենթարկվել ոստիկանություն, «Հայկական ժամանակ»-ը նկատում է․ - «Առաջին հայացքից, իհարկե, տարօրինակ է թվում ոստիկանության գործողությունը: Նախախորհրդարանի հանրահավաքներն այս փուլում որպես այդպիսին, այսինքն՝ որպես փողոցային ակտիվ քաղաքացիական և քաղաքական պայքարի ձև, միակն են: Ընդ որում, շատ փոքրաքանակ են և իշխանությունների համար գոնե այս պահին առանձնապես վտանգ չեն ներկայացնում: Եվ ուրեմն ինչ կարիք կա դիմելու հարազատ մեթոդներին և մարդ բերման ենթարկել ոստիկանություն, ակնհայտ չհիմնավորված պատճառաբանությամբ: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ իշխանությունները հրաշալի գիտակցում են երկրում առկա դժգոհության դոզայի աստիճանը և ամենափոքր իսկ ակտիվությունը նրանց համար պոտենցիալ վտանգ է: Եվ նրանք պայքարում են դժգոհության մասսայական ալիք բարձրացնելու պոտենցիալ պարունակող յուրաքանչյուր օջախի դեմ՝ ամեն մեկի դեպքում գործի դնելով տարբեր մեթոդներ»:

«168 ժամ»-ի դիտարկմանը՝ «Լևոն Զուրաբյանն ասում է, թե այսօր «վերջապես ԱԺ-ում կա ընդդիմություն, որն ամեն հարցն օգտագործում է՝ բոլոր փաստերը հնչեցնելու նպատակով», «Սասուն» ջոկատի հիմնադիր հրամանատար Սասուն Միքայելյանը արձագանքում է․ - «Լավ էլի․․․ Ի՞նչ գաղափարներ, ի՞նչ․․․ Թող նախագահական ընտրություններին մասնակցեին: Թող չհաղթեին, թող առաջնորդը չլիներ թեկնածուն․․․ Ոչինչ, թող պարտվեին, բայց այսօր նորմալ ընդդիմություն կձևավորվեր: Մարդիկ կհավատային, որ մի քաղաքական ուժ կա, որն իրենց կողքին է, որը, թեկուզ փոքր ռեսուրսներով, բայց մեծ գործ է բռնել: Ժամանակը ցույց կտա՝ ո՞վ է ընդդիմություն, ո՞վ՝ ոչ: Եթե նորմալ ընդդիմություն էին, թող նախագահական ընտրություններին մասնակցեին: «Գնա մեռի, արի սիրեմ» սկզբունքո՞վ են առաջնորդվում: Ես ՀԱԿ անդամ չեմ եղել, բայց համաժողովրդական շարժմամբ մենք երկրում փոփոխություններ ենք իրականացրել: Իսկ այսօրվա որդեգրած ռազմավարությունը շատ սխալ է՝ դրա համար էլ էս օրին հասանք, երկրի վիճակը վատացավ, մարդիկ էլ չեն հավատում, որ ընդդիմություն կա»: