Հայաստանցիների մեծ մասը չի ցանկանում ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարում

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյան, արխիվ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը այսօր ներկայացրել է կոռուպցիայի ընկալմանը վերաբերող հասարակական կարծիքի ամենամյա ուսումնասիրությունը` «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրը»:
Կենտրոնի անցկացրած այս տարվա հարցումները վկայում են, որ հայաստանցիները ամենակոռումպացվածն են համարում դատական, առողջապահական համակարգերը և պետական պաշտոնյաներին: Հինգ բալանոց գնահատման համակարգով, որտեղ մեկ միավորը բացարձակապես չկոռումպացվածն է, իսկ հինգը՝ լիովին կոռումպացվածը, այս ոլորտների պաշտոնյաները սանդղակի բավական բարձր՝ չորրորդ կետում են հայտնվել: Աննշան՝ ընդամենը 0.1 մեկ նիշի տարբերությամբ ամենակոռումպացվածների ցանկում է ոստիկանությունը:

«Այն մարմինները, որոնք կոչված են լինել կոռուպցիայի դեմ պայքարի առաջին դիրքերում՝ ոստիկանություն, դատական համակարգ, սրանք լիդերներն են իրենց կոռումպացվածության տեսանկյունից», - այսօր մեկնաբանելով իրենց անցկացրած ուսումնասիրությունը, նշեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, - «Կոնկրետ Հայաստանի դեպքում դատական համակարգը ընկալում է որպես կոռումպացված կամ ծայրահեղ կոռումպացված հարցվածների 69 տոկոսը, իսկ ոստիկանությունը՝ 66 տոկոսը: Սրանք իսկապես մտահոգիչ թվեր են»:

Այս տարվա հարցմանը մասնակցած շուրջ հազար հայաստանցիների գրեթե կեսը՝ 43 տոկոսը պնդել է, որ վերջին երկու տարիներին կոռուպցիան Հայաստանում աճել է, եւ միայն 19 տոկոսն է հակառակ համոզմունքը հայտնել:

Հարցվածների 53 տոկոսն էլ անարդյունավետ, որոշ դեպքերում նույնիսկ առհասարակ չգոհացնող է գնահատել Հայաստանի իշխանությունների գործադրած ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում: Վարուժան Հոկտանյանը ամբողջությամբ համաձայն է այս գնահատականի հետ:

Հայաստանի դեպքում կա մեկ այլ մտահոգիչ փաստ
Վարուժան Հոկտանյան
«Հայաստանի դեպքում կա մեկ այլ մտահոգիչ փաստ, եւ ասեմ, որ արդեն այդ անհանգստությունը երեկ ես հեռախոսազանգով ստացա նաեւ Բեռլինի մեր կենտրոնակայանից: Դա վերաբերում է մարդկանց ցանկությանը՝ ներգրավվելու կոռուպցիայի դեմ պայքարում: Հարցվողների 10-ից 9-ը համաշխարհային մասշտաբով պատրաստ է ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարում: Հայաստանում պատկերը հակառակն է», - մանրամասնեց Հոկտանյանը: Վարուժան Հոկտանյանը տարբեր պատճառներ է բերում՝ վախի մթնոլորտը, հուսալքությունը: Հիշում է՝ խորհրդարանական ընտրություններից հետո հեռախոսային հարցում էին իրականացրել․ հարցվածներից գոնե մեկը չէր խոստովանել, որ ընտրակաշառք է վերցրել: Այս մթնոլորտի արձանագրումը, ըստ Հոկտանյանի, զեկույցի ամենասև կետն է:

Այսօր հրապարակված հարցման արդյունքները նաեւ արձանագրում են, որ հայաստանցիների գրեթե կեսի համոզմամբ՝ երկիրը ղեկավարվում են միայն իրենց շահերը հետապնդող ընդամենը մի քանի ազդեցիկ ու հարուստ խմբեր: Այսպիսով հարցվածների ծանրակշիռ մասը՝ 82 տոկոսն ասել է, որ կոռուպցիան Հայաստանում համարում է լուրջ կամ շատ լուրջ հիմնախնդիր:

Երկիրը առաջընթաց չի արձանագրում, ասում է «Թրանսպարենսի ինթերնեշնլի» ներկայացուցիչը, օրինակ բերելով Վերահսկիչ պալատի բացահայտումների շուրջ աղմուկը: Ասում է՝ առայժմ կոռուպցիայի դեմ պայքար չի տեսնում, լավագույն դեպքում՝ խոսակցություններ կոռուպցիոն ռիսկերի մասին:

«Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրը» միջազգային զեկույց է, որը ցույց է տալիս, թե ինչպես են աշխարհի 107 երկրներում մարդիկ գնահատում կոռուպցիայի մակարդակը, այդ երևույթի դեմ տարվող պայքարը իրենց պետություններում, և թե որ ոլորտներն են համարում ամենակոռումպացվածը:

Ըստ զեկույցի` 107 երկրներից 83-ում, այդ թվում և Հայաստանում, հարցվածների կարծիքով, կոռուպցիոն իրավիճակը վատթարացել է, 13 երկրում փոփոխություն չեն արձանագրել, և միայն 11 երկրում են հարցվածները պատասխանել, որ հակառակը` իրենց մոտ կոռուպցիայի մակարդակը նվազել է: Այդ 11 երկրների թվում են նաև Հայաստանի երկու հարևանները` Ադրբեջանն ու Վրաստանը: