Գասպարիին կրկին բերման են ենթարկել

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին այսօր բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին:
Վարդգես Գասպարին այսօր երեկոյան բողոքի ակցիա էր անցկացնում Հայաստանի ոստիականապետ Վլադիմիր Գասպարյանի տան մոտ: Նա պարզել էր ցուցապաստառ, որի վրա փակցված էր Գասպարյանի լուսանկարը եւ գրված էր՝ «Հերիք է լպստեք օլիգարխների կոշիկները»:

Մոտ կես ժամ հետո մեկ տասնյակից ավելի ոստիկաններ՝ Երեւանի ոստիկանապետի գլխավորությամբ, հարկադրաբար Գասպարիին նստեցրեցին ոստիկանական ավտոմեքենա եւ հեռացան:

Մի փոքր անց Գասպարին հեռախոսով «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ իրեն բերման են ենթարկել Կենտրոնի բաժին:

Այսօր առավոտյան, մինչդեռ, լոլիկներով հարձակում էր տեղի ունեցել Գասպարիի բնակարանի ուղղությամբ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց ակտիվիստը, ժամը 11-ին մոտ երկու երիտասարդ, մոտենալով Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի առաջին հարկում գտնվող իր բնակարանին, լոլիկներով սկսել են հարվածել պատուհաններին: Երբ ինքն ու տիկինը դուրս են եկել, երիտասարդները լոլիկները նետել են արդեն իրենց ուղղությամբ ու դիմել են փախուստի:

Ըստ Գասպարի, եղել է նաև երրորդը, ով հեռվից նկարահանում էր տեղի ունեցածը:

Կատարվածի առնչությամբ ակտիվիստը դիմել է ոստիկանություն:

Վարդգես Գասպարին այդ միջադեպը կապում է այսօր երեկոյան ոստիկանապետի տան մոտ իր կողմից ծրագրած բողոքի ակցիայի հետ:

«Նախորդ անգամ, երբ ակցիա էի արել, ինձ բերման ենթարկեցին ոստիկանապետի անմիջական ենթակաները: Դա ապրիլի 21-ին էր: Ես դրա մասին հաղորդում եմ տվել Հատուկ քննչական ծառայություն: Ինձ բերման ենթարկեցին անձամբ ոստիկանապետի՝ Վլադիմիր Գասպարյանի մոտ, եւ հայհոյելուց բացի, նա ինձ շատ սպառնալիքներ տվեց, թե՝ քեզ կգլխատեմ, ոսկորներդ փոշի կդարձնեմ, ընտանիքիդ կվնասեմ», - ասաց Գասպարին՝ հավելելով, որ իր համար այսօր առավոտյան կատարվածն անսպասելի չէր:

Երկու օր առաջ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Գասպարին տարվել էր ոստիկանություն: Նա ապօրինի է համարում ոստիկանների գործողությունները և այսօր երեկոյան բողոքի ակցիա է անցկացնելու Վլադիմիր Գասպարյանի տան մոտ:

Սակայն Գասպարիի այսօրվա բողոքի ակցիայի պատճառը միայն հինգշաբթի երեկոյան տեղի ունեցածը չէ»․ - «Հիմա մի իրավիճակ է ստացվում, որ բոլոր ապօրինությունները, որոնց հեղինակներն օլիգարխներն են, ոստիկանությունը պաշտպանում է: Ցանկացած քաղաքացիական ակցիա կասեցվում է ոստիկանության միջոցով: Ոստիկանությունը իրեն դարձրել է բուֆեր՝ հանցագործ աշխարհի շահերը սպասարկելու համար»:

Ինչ վերաբերում է հինգշաբթի երեկոյան «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտից Վարդգես Գասպարիին ոստիկանություն տանելուն՝ ակտիվիստն այսօր պատմեց, որ ինքը լուռ կագնած է եղել «Հարսնաքար»-ի մոտ՝ պաստառը ձեռքին, որի վրա գրված է եղել՝ «սպանդանոց»: Ակտիվիստի խոսքով, հավանաբար իր պաստառը ինչ-որ մեկի դուրը չի եկել, և նախ իրեն է մոտեցել սպիտակ վերնաշապիկով մի երիտասարդ ու խլել պաստառը, ինչից հետո երկու ոստիկան հարկադրաբար իրեն նստեցրել են ոստիկանական մեքենան և տարել Ավանի բաժին:

«Ինձ ոչ մի բան չասվեց: Չասվեց՝ ինչու են տանում, ինչում եմ կասկածվում: Եվ այդ իրավիճակը շարունակվեց երեք ժամ: Հետո սկսեցին քննչական գործողություններ անել», - ասաց Գասպարին:

Ոստիկանությունում ակտիվիստը վարչական տույժի է ենթարկվել 30 հազար դրամի չափով: Ուշագրավ է, որ Գասպարիի փոխանցմամբ, իրեն տուգանել են մայթեզրին պառկելու համար, քանի որ ոստիկանները համարել են՝ պառկելով մայթեզրին ինքը կարող էր խոչընդոտել ճանապարհային երթևեկությունը:

«Այդ ինչպե՞ս ես կարող եմ պառկած լինելով մայթին՝ խոչընդոտել տրանսպորտի ընթացքը», - տարակուսեց Գասպարաին՝ հավելելով, թե դատարանում բողոքարկելու է ոստիկանության այդ որոշումը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան փոխանցեցին, թե «Ոստիկանությունը գործել է օրենքով սահմանաված կարգով և իրեն վերապահված լիազորությունների շրջանակնություններում»: