Ընդդիմադիրները Սարգսյանին մեղադրում են Սահմանադրությունը խախտելու մեջ

Your browser doesn’t support HTML5

Ընդդիմադիր ուժերի պնդմամբ, իշխանությունն ամենաբարձր մակարդակով շարունակ խախտում է երկրի Սահմանադրությունը:
Որպես վառ օրինակ, քաղաքական գործիչները մատնացույց են անում նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի խորհրդակցությունը, ընդգծելով, որ երկրի ղեկավարը իր հայտարարություններով բազմիցս խախտեց մայր օրենքը: Խոսքը բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման եւ կոռուպցիոն ռիսկերի նվազման վերաբերյալ նախագահի խորհրդակցության մասին է, որտեղ Սերժ Սարգսյանը խիստ քննադատության ենթարկեց Վերահսկիչ պալատի նախագահին, մինչդեռ Սահմանադրությամբ պալատը անկախ մարմին է, պալատի նախագահին էլ նշանակում է Ազգային ժողովը:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Ստեփան Սաֆարյանի համոզմամբ, գործող իշխանությունը այնքան չի կիրառել Սահմանադրությունը, որ բարձր մակարդակով արվող հայտարարությունները ուղղակի հակասում, անգամ ծաղրում են Սահմանադրությունը: Մասնավորապես, ըստ Ստեփան Սաֆարյանի, Սերժ Սարգսյանը խորհրդակցության ժամանակ դատավորի նման էր իրեն պահում, վճիռներ արձակում, անգամ սպառնալից հայտարարություններ անում, կասկածի տակ էր դնում օրենքով թվացյալ անկախ Վերահսկիչ պալատի հայտնաբերումները:

«Որեւէ նախագահ նման պարագային իրեն թույլ չէր տա կասկածի տակ դնել մի բան, որը ինքը չի ուսումնասիրել, որը իր վերահսկողական ծառայությունը անգամ գնահատական չի տվել, եւ նաեւ սպառնալ Վերահսկիչ պալատի նախագահին, կամ ասել, թե նրա կարծիքը որեւէ մեկին հետաքրքիր չէ, կամ ասել, որ ի՞նչ կլինի, եթե ինքն էլ Հատուկ քննչական ծառայության ղեկավարին ասի, որ կարծիք հայտնի Վերահսկիչ նախագահի հայտարարությունների կապակցությամբ: Այսինքն, սպառնալիքներ էին սրանք, որոնք ոչ մի կերպ չեն տեղավորվում նախագահի լիազորությունների շրջանակում: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությունը չի գործում, իսկ սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության նախագահը փաստացի ուզուրպացրել է պետական այլ մարմինների իշխանությունը եւ թույլ չի տալիս, որպեսզի այդ մարմինները գործեն անկախ», - ասում է Սաֆարյանը:

«Արդյոք խնդիր չի՞ առաջանում, երբ որ նախագահը անդրադառնում է խորհրդարանական քաղաքական մեծամասնության վարքագծին նույն այդ խորհրդաժողովում, եւ երեկ էլ, փաստորեն, դա քննարկման առարկա էր դարձրել, թե ինչպես պետք է իրեն պահի խորհրդարանական մեծամասնությունը», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Ստեփան Սաֆարյանը պատասխանեց․ - «Սահմանադրության մեկ այլ նորմ գոյություն ունի, որի մասին մոռացել է, հավանաբար, պարոն նախագահը: Դա այն է, որ պատգամավորները քվեարկում, գործում են իրենց խղճի մտոք, համոզմունքով: Այսինքն, Սերժ Սարգսյանը ակնհայտ է դարձնում, որ խորհրդարանական մեծամասնություն կազմող պատգամավորները ազատ չեն, պախարակելի գործունեություն են իրականացրել Վերահսկիչ պալատի բացահայտումների քննարկման ժամանակ եւ, բնականաբար, նախագահն է, որ նրանց պետք է ասի, թե ինչպես պահեն իրենց: Այսինքն սա եւս կամայականության դաշտում է գտնվում եւ սա ուղղակի նշանակում է, որ Ազգային ժողովն էլ որպես ինստիտուտ գոյություն չունի եւ նախագահը ինքը կարող է ցուցումներ տալ, թե ով ինչպես պահի իրեն Ազգային ժողովում»:

Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի փոխանցմամբ, թեեւ այսօր իրապես տոն է՝ երկրի Սահմանադրության 18-ամյակն է, սակայն իշխանություններն այս փաստաթղթի կարեւորությունը չեն հասկանում, եւ դրա համար այն խախտում են աջ ու ձախ եւ անխղճաբար: Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, այսօրվա իշխանությունների Սահմանադրությունը փողն է եւ աթոռը, որի համար նրանք պատրաստ են ամեն ինչի:

Այն, թե ինչպես է խախտվում Սահմանադրությունը, Արամ Մանուկյանը ցույց է տալիս Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունների հիման վրա․ - «Սերժ Սարգսյանի վերջին ելույթի ժամանակ մի քանի ասպեկտով խախտվել են տարբեր սահմանադրական նորմեր, ընդ որում՝ հիմնարար նորմեր․ իշխանությունների տարանջատման սկզբունքը, դատական համակարգի ինքնուրույն լինելու սկզբունքը, դատախազության վրա չթելադրելու սկզբունքը: Ավելին, պառլամենտի վրա ինքը այնպես է մատ թափ տալիս, կարծես թե պառլամենտը իր աշակերտն է եւ դաս չի սովորել, օրագիր է ուզում, որ երկուս նշանակի: Ամոթ է, երբ գործադիրը օրենսդիրի վրա այդպիսի հաթաթա է տալիս: Ո՞վ է քեզ թույլ տվել այդպիսի հրահանգներ տալ պառլամենտի կողմից նշանակված մարմնին, ո՞վ է իրավունք տվել որոշել, որ դու այսքան գումարը օրինական ես համարում, այսքանը խախտում ես համարում»:

Արամ Մանուկյանը մատնանշում է Սահմանադրության մեկ այլ խախտում, երբ մայր օրենքը արգելում է պատգամավորին զբաղվել բիզնեսով, մինչդեռ խորհրդարանականների մեծ մասը բիզնեսմեններ են, եւ դա չեն էլ թաքցնում:

«Այսօրվա իշխանությունները ամեն ինչ անում են Հայաստանի ժողովրդին իր երկրում ապրելու իրավունքից զրկելու», - մեկնաբանում է Մանուկյանը:

Ի դեպ, այսօր պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք կիսո՞ւմ է այն տեսակետը, որ երկրի ղեկավարը իր հայտարարություններով խախտել է Սահմանադրության դրույթները, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը համոզմունք հայտնեց, թե Սերժ Սարգսյանը իր լիազորությունների շրջանակում է գործում:

«Սահմանադրական դատարանի նախագահը նման հարցերի չի կարող պատասխանել եւ իրավասու չէ: Իսկ Հանրապետության նախագահը, ես համոզված եմ, որ շատ լավ գիտի իր իրավասությունները եւ իր լիազորությունների շրջանակում է գործում», - մասնավորապես ասաց Գագիկ Հարությունյանը: