Երևան ժամանեց Շառլ Ազնավուրը

Ազնավուրը ժամանում է Երեւան, 4-ըն հուլիսի, 2013թ․

Քիչ առաջ Երևան է ժամանել ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը՝ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնին մասնակցելու նպատակով։

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հուլիսի 7-ի երեկոյան՝ Երևանի Ազնավուրի անունը կրող հրապարակում, որտեղ և կտեղադրվի նրա աստղը։ Իսկ այդ արարողությունից անմիջապես հետո «Մոսկվա» կինոթատրոնում փառատոնը կմեկնարկի 1960 թվականին նկարահանված «Կրակել դաշնակահարի վրա» ֆիլմով, որտեղ գլխավոր դերակատարն է Շառլ Ազնավուրը։

Բացի «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանից, օդանավակայանում Ազնավուրին դիմավորել է նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Այս պահին աշխարհահռչակ շանսոնիեն արդեն տեղավորվել է «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում, որտեղ ավանդաբար իջևանում են փառատոնի հյուրերը։ Թեթև ընթրիքից հետո Ազնավուրը փառատոնի կազմակերպիչների հետ կշրջի երեկոյան Երևանում։

Շառլ Ազնավուրը Երևանից կմեկնի հուլիսի 9-ին։


Գայանե Դանիելյան