Երեւանի աղբն ու վերամշակման կիսատ մնացած ծրագրերը

Your browser doesn’t support HTML5

Բնապահպանները համոզված են, որ Երևանի ողջ կենցաղային աղբի հավաքման վայրը՝ Նուբարաշենի աղբավայրը կարող էր տնտեսական օգուտներ բերել մայրաքաղաքին, եթե էկոնոմիկայի և բնապահպանության նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը կիսատ չթողնեին աղբավայրի հայ-ճապոնական ծրագիրը: Այդ ծրագրով նախատեսվում էր այրել աղբավայրի աղբն ու ստացված կենսագազից էլէկտրաէներգիա ստանալ:

Աղբավայրին մոտենալը մեծ ջանքեր է պահանջում անտանելի գարշահոտության պատճառով։

Գիտնական, «Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Դանիելյանը ցույց է տալիս անմխիթար վիճակը՝ ցավով խոսելով հայ-ճապոնական ծրագրի ձախողման մասին: Դրա պատճառով բնապահպանական ու մարդու առողջության համար վտանգներ ներկայացնող աղբավայրի խնդիրները շարունակում են չլուծված մնալ:

«Կարող էին աղբավայրի զգալի մասից առաջացող գազը հավաքել, այրել եւ էլեկտրականություն ստանալ, մոտակա տարածքում ջերմոցների համար օգտագործել եւ այլն», - ասում է Դանիելյանը։

Աղբավայրին անդրադարձել է նաև Վերահսկիչ պալատն իր 2012 թվականի տարեկան հաշվետվության մեջ: Ըստ ՎՊ-ի՝ հիմնականում էկոնոմիկայի նախարարության պատճառով ճապոնական «Շիմիձու» ընկերությունը չի կարողացել իրագործել իր ծրագիրը, արդյունքում աղբավայրը գրեթե մնացել է նախկին վտանգավոր վիճակում:

2005 թվականին մի շարք նախարարություններ համաձայնել էին հայ-ճապոնական ծրագրով սահմանված գործողությունների հետ: Ծրագիրն իրականացվում էր ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի շրջանակներում: Ճապոնացիները աղբավայրում պետք է երկու հիմնական գործողություն կատարեին՝ աղբն այրելով ստանային կենսագազ, դրանից էլ՝ էլեկտրաէներգիա: Սակայն էլեկտրաէներգիա ստանալուն դեմ էր դուրս եկել էկոնոմիկայի նախարարությունը՝ հայտարարելով, թե էլեկտրաէներգիայի արտադրման ոլորտում ճապոնացիները մենաշնորհ ձեռքկբերեն, ինչը ձեռնտու չի կարող լինել այլ ընկերությունների:

Ճապոնացիները հանդիպել էին նաև Կարինե Դանիելյանի հետ՝ փորձելով հայտնել իրենց մտահոգությունները:

«Իմ կյանքի ամենաամոթալի րոպեներն էին, երբ Ճապոնիայից հերթական պատվիրակությունը եկել էր այստեղ և եկել էին ինձ մոտ համալսարան՝ ներկայացնելու խնդիրը։ Ես հոդվածով էին հանդես եկել, որ կարող է տնտեսապես այդպես շահավետ չէ, ինչպես կուզենար էկոնոմիկայի նախարարությունը, բայց էկոլոգիական շատ մեծ նշանակություն ունի», - վերհիշեց Դանիելյանը։

Իրականում, ինչպես նշում են բնապահպաններն և Վերահսկիչ պալատը, աղբավայրից ստացված եկամուտները մնալու էին Երևանում, այլ ոչ թե մտնելու ճապոնացիները գրպանը: Մինչդեռ ծրագիրը իրագործվել էր կիսատ, առանց էլեկտրական էներգիայի արտադրության՝ թույլ տալով աղբավայրի տարածքում տեղադրելու կենսագազի հավաքման և այրման համակարգի սարք: Սա էլ, փաստորեն, Հայաստանի կառավարության ներկայացուցիչները թույլ տվեցին ճապոնացիների բողոքից հետո: Նրանք Դանիելյանին ասել էին, թե եթե մերժվի նախապես հաստատված ծրագիրը, ապա իրենց կառավարությունն անվստահություն կհայտնի Հայաստանի կառավարությանը:

Դանիելյանը ցույց է տալիս տեղադրված համակարգը, որը, փաստորեն աղբավայրի ավելի քան 52 հեկտար տարածքի չնչին՝ 7.5 հեկտարի աղբն է այրում: Աղբավայրի տարածքի մեծ մասը, սակայն, շարունակում է վնասակար նյութեր արտադրել, որոնք էլ անձրևաջրերի, այրման միջոցով թափանցում են օդային, ջրային ու հողային ավազաններ:

Վերահսկիչ պալատի հաշվետվությունում նշված է, թե որքան գումար կմտներ Երևան, եթե ամբողջությամբ իրագործվեր ծրագիրը: Ըստ նախնական հաշվարկների՝ հայկական կողմի տարեկան հասույթը կկազմեր ավելի քան կես միլիոն դոլար: Իսկ ծրագրի իրականացման 16 տարիների ընթացքում այն կկազմեր ավելի քան 8 միլիոն դոլար:

Բնապահպանության նախարարությունն արդեն պատասխանել է Նուբարաշենի աղբավայրի հետ կապված դիտարկմանը: Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանն ասում է, որ էկոնոմիկայի նախարարության պատճառով է այն կիսատ մնացել:

Էկոնոմիկայի նախարարությունը, սակայն, հերքում է իր հասցեին հնչեցված մեղադրանքները՝ հայտարարելով, թե մերժել է էլեկտրաէներգիայի արտադրման հարցը տնտեսական ռիսկերի պատճառով:

Բնապահպանները, սակայն, ենթադրում են, որ մերժման պատճառն այլ է: Աղբավայրը այս կերպ մեծ բիզնես է որոշ պաշտոնյաների համար

«Մարդիկ այդ հակասանիտարական պայմաններում այստեղ տեսակավորումը իրականացնում են։ Այն, ինչ պետք է որ օրենքով արվի, ինչ-որ մեկի ապօրինի բիզնեսն է հավանաբար։ Այստեղ կան մարդիկ, որոնք տեսակավորում են անում, կա և ապակի, և մետաղ, և բազմաթիվ այլ նյութեր, որ ինչ-որ կերպ վերամշակելուց հետո կարելի է օգտագործել», - ասում է Կարինե Դանիելյանը։