Լատինամերիկյան գագաթնաժողով՝ Մորալեսի օդանավի հարցով

Ավստրիա - Էվո Մորալեսը ասուլիս է տալիս Վիեննայի օդանավակայանում, ուր չնախատեսված վայրէջք էր կատարել Բոլիվիայի նախագահի օդանավը, 3-ը հուլիսի, 2013թ․

Լատինական Ամերիկայի երկրների ղեկավարները այսօր հանդիպելու են՝ քննարկելու Եվրոպայում Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի օդանավի թռիչքի խոչընդոտման հարցը:

Մոսկվայից վերադարձող Մորալեսի օդանավին երեքշաբթի օրը Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի իշխանությունները թույլ չէին տվել մտնել իրենց օդային տարածք՝ կասկած հայտնելով, թե ինքնաթիռում է նաեւ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը, ով հետապնդվում է Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից եւ քաղաքական ապաստան է խնդրել մի շարք երկրներից:

12 պետությունների հարավամերիկյան «Ունասուր» դաշինքը Մորալեսի հետ տեղի ունեցածը անբարյացկամ եւ արդարացման ոչ ենթակա ակտ է որակել՝ դատապարտելով այն, եւ հարցը քննարկելու համար գագաթնաժողով հրավիրել Բոլիվիայում:

Բոլիվիայի նախագահը հայրենիք է ժամանել այսօր վաղ առավոտյան: