Արտակ Նազարյանի մահվան գործը կքննի Վերաքննիչը

Արտակ Նազարյանի մահվան գործով լսումները առաջին ատյանի դատարանում, արխիվ

Բանակում մահացած 30-ամյա սպա Արտակ Նազարյանի գործը կքննի Վերաքննիչ դատարանը։

Նազարյանի իրավահաջորդն ու նրան ըստ պաշտոնական վարկածի ինքնասպանության հասցրած հինգ ծառայակիցներից երեքը բողոքարկել են առաջին ատյանի դատարանի վճիռը։

Նազարյանի հարազատները պնդում են, թե նա ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ սպանվել է դաժանաբար։ Ամբաստանյալներն էլ մեկ տարի տեւած դատաքննության ընթացքում շարունակ հայտարարում էին, որ իրենք կապ չունեն սպայի մահվան հետ։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հինգ ամբաստանյալներին էլ մեղավոր ճանաչեց Նազարյանին ինքնասպանության հասցնելու համար։ Հակոբ Մանուկյանը դատապարտվեց տասը տարվա, Վահագն Հայրապետյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Մխիթար Մխիթարյանը` չորսական տարվա ազատազրկման: Հարութիկ Կիրակոսյանին դատարանը երեք տարվա ազատազրկման դատապարտվեց, սակայն վերջինիս նկատմամբ կիրառվեց համաներում, եւ նա ազատ արձակվեց։

Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ չնայած բողոքարկմանը՝ արդարադատության հույս չունեն վերաքննիչ ատյանից։ Նրանք հաշվի են առնում նաեւ առաջին ատյանի դատարանում դատաքննության ընթացքը։

«Դատարանները անկախ մարմիններ չեն, դատարանները գործադիր իշխանության, քննչական մարմինների, դատախազության ընդամենը կամքը կատարողներն են, կամակատարներն են, ու այդ իրողությունները հաշվի առնելով, որպեսզի արդարադատություն իրականացնելու կոչված մարմինը ունակ լինի, ի վիճակի լինի արդարադատություն իրականացնել, նա պետք է առաջին հերթին անկախ լինի», - ընդգծեց փաստաբանը:

Շուշանյանի խոսքերով՝ Հայաստանի դատարանները զրկված են արդար դատաքննություն իրականացնելուց, այդ էր պատճառը նաեւ, որ առաջին ատյանի դատարանը ըստ էության հաստատեց նախաքննական մարմնի եզրակացությունն այն մասին, որ 30-ամյա սպան ինքն է կրակել իր վրա։

Փաստաբանը հայտնեց, որ ներպետական ատյանները սպառելուց հետո իրենք կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան, միաժամանակ, կշարունակեն պայքարել, որ Հայաստանում արդարադատությունը հաղթի։

Վերաքննիչ բողոք ներկայացրած երեք ամբաստանյալներից Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը, նույնպես դժգոհելով առաջին ատյանի դատարանի որոշումից եւ կատարված նախաքննությունից, շարունակում է հայտարարել, որ նախաքննությունն ընթացել է բազմաթիվ խախտումներով, եւ որ իր պաշտպանյալը իրականում որեւէ առնչություն չունի Նազարյանի մահվան հանգամանքների հետ։ Նա եւս դժգոհություն է հայտնում ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանի կայացրած որոշումից։

«Մարդանյանը օրենքի պահանջները չի կատարել, ոտնահարել է պաշտպանական իրավունքը, մեղադրյալի իրավունքը, օրենքի տառը: Ինչքան միջնորդություն ունեին՝ բոլորը մերժել է՝ անհմին, առանց պատճառաբանելու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Պողոսյանը:

Դատական նիստը Վերաքննիչում կկայանա հուլիսի 15-ին։