Վահե Ավետյանի հուշաքարի անհետացման մասին հայտարարություն կտարածեն

«Հարսնաքար» ռեստորանային համալիրը

«Վահե Ավետյան» հասարակական շարժումը պատրաստվում է հայտարարություն տարածել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցած տարի տեղի ունեցած միջադեպի պատճառով մահացած Վահե Ավետյանի հիշատակին նվիրված իրազեկման հուշաքարի անհետացման առնչությամբ:
Հիշեցնենք, անցած շաբաթ օրը «Հարսնաքար» ռեստորանի տարածքը եզրափակող մայթին հուշաքար էր տեղադրվել, որի վրա գրված էր՝ «Այս տարածքում դրվելու է «Հարսնաքարում» սպանված հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը»: Ոստիկանները քար տեղադրելու գործընթացը նախ փորձեցին կանխել, ապա տեղի տվեցին: Մեկուկես ժամ էր անցել, երբ «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի տան ուղղությամբ երթ կազմակերպելու ձախողված փորձից վերադարձած ակցիայի մասնակիցները տեղեկացան, որ քարն անհետացել է

«Վահե Ավետյան» նախաձեռնող խումբը որոշել է դիմել ոստիկանություն հուշաքարի անհետացման կապակցությամբ: Բնականաբար, մենք մեծ հույսեր չենք կապում: Հասկանում ենք, որ հարյուրավոր ոստիկանների ներկայությամբ, երբ բոլոր կամերաները միացված աշխատում են, շատ հեշտությամբ կարելի է բացահայտել, թե ով տարավ հուշաքարը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուքասզյանը:

Շաբաթ օրվա ակցիայից հետո մի ականատես քաղաքացի, որը հրաժարվել է բացահայտել իր անձը, «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էր, որ իր աչքով է տեսել՝ քարը դրել են «Գազել» ավտոմեքենայի մեջ, որի վրա գրված է եղել «Ավան կանաչապատում»: «Ավան կանաչապատում» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Յուրա Ծովանյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ իր ղեկավարած ընկերությանը պատկանող 467LL62 պետհամարանիշով մեքենան քարի անհետացման օրը եղել է «Հարսնաքարի» մոտ:

«Ես չեմ բացառում, կարող է մեր մեքենան է եղել, ես բան չունեմ ասելու: Բայց քարի համար՝ ես քարը չեմ տեսել», - հայտարարեց Ծովանյանը, - «Ընդհանրապես տեղյակ չեմ եղել, ես չեմ ասել, հանձնարարություն չեմ տվել: Ես գիտեմ, որ նա [մեքենան եւ վարորդը] այնտեղ եղել է: Ասում է՝ քար, բան՝ ես այդպիսի բան չեմ արել: Այսօր ես ճշտեցի, որ այնտեղ բանկն է, բանկի դիմաց մի ծորակ կա՝ ժանգոտված ջուր է եկել: Ասում է՝ ես այդ պահին այնտեղ եմ եղել, ծորակը փակել եմ: Ժողովրդի մեջ վեճ է եղել, ինչ է եղել, ասում է, ես դրանից տեղյակ չեմ»:

Այդ տարածքում, ի դեպ, միակ բանկը «Զարգացման հայկական բանկն է»: Մասնաճյուղի պատասխանատու «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ առաջին անգամ է լսում, որ «Ավան կանաչապատում» ընկերությունից ինչ-որ մեկն այցելել է բանկի տարածք՝ ջրի հետ կապված ինչ-որ խնդրով: