Հուշաքարի անհետացումը` ««Հարսնաքարի» հանցագործության շարունակություն»

Your browser doesn’t support HTML5

Շաբաթ օրը ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան տարելիցի կապակցությամբ «Հարսնաքար» ռեստորանի տարածքը եզրափակող մայթին հուշաքարի տեղադրումից մեկուկես ժամ անց ակցիայի մասնակիցները զայրութով տեղեկացան, որ այդ քարն անհետացել է: Քարի վրա գրված էր` «Այս տարածքում դրվելու է... «Հարսնաքարում» սպանված հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը»:

Մոտ 40 րոպե էր անցել այն պահից, որ ակցիայի մասնակիցները «Հարսնաքարի» տարածքից փորձեցին երթ կազմակերպել, բայց ոստիկանական պատի հանդիպելով՝ վերադարձան այն վայրը, որտեղ արդեն չկար հիշատակի քարը: «Հիշողությունը չես պոկի», ասում էին զայրացած քաղաքացիները:

Երբ արդեն բողոքի ակցիան վերջացավ, իր անձը բացահայտել չցանկացող մի ականատես քաղաքացի ուշ երեկոյան «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների հետ զրույցում վկայել է, որ իր աչքով է տեսել` քարը դրել են «Գազել» ավտոմեքենայի մեջ, որի վրա գրված է եղել «Ավան կանաչապատում»: Իր անձը բացահայտելուց հրաժարվող ականատեսի փոխանցմամբ՝ այդ մեքենայով էլ տեղափոխել են քարը:

«Ավան կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Յուրա Ծովանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում՝ ասաց, թե տեղյակ չէ՝ «Ավան կանաչապատում» ընկերությա՞ն մեքենայով է տեղափոխվել Ռուբեն Հայրապետյանի ռեստորանի տարածքը եզրագծող բազրիքին կպած մայթից պոկված հուշաքարը: «Ես որ բացարձակ անտեղյակ եմ», - ասաց տնօրենը:

Նա, մեր հարցերին ի պատասխան, ասաց, թե վաղը առավոտյան իր աշխատակիցների հետ խոսելուց հետո կփորձի ավելի հստակ պատասխաններ տալ: Տնօրենը, ի դեպ, չհերքեց, որ իր ղեկավարած ընկերությանը պատկանում է բեռնատար «Գազել» մեքենա, որի վրա գրված է «Ավան կանաչապատում»:

Ինչպե՞ս կարող էր այդ ծանր, պինդ ամրացրած քարն անհետանալ այն դեպքում, երբ այդ տարածքում տասնյակ ոստիկաններ կային: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ակցիայի մասնակիցների հարցերին ի պատասխանում ասում էր. -« Մեր ոստիկանները չեն հանել: [Հանողները] մեր ոստիկաններին ասել են՝ մենք կազմակերպիչներից ենք»:

Երեկ «Հարսնաքարի»տարածքում ոստիկանները նկարահանում էին ակցիայի մասնակիցների դեմքերը: Վալերի Օսիպյանն ասում էր` «մենք հասարակական կարգ ենք պահպանում»: Օսիպյանին հիշեցրինք, որ ոստիկանությունն ի սկզբանե ընդդիմանում էր քարը տեղադրելուն:

«Հիմա Դուք պատկերացնո՞ւմ եք` մեր մայրաքաղաքում ով ուզենա՝ բերի, քար տեղադրի», - ասում էր Երեւանի փոխոստիկանապետը:

«Վահե Ավետյան» շարժման անդամ Գարեգին Չուքասզյանն ուշադրություն հրավիրեց . - «Էստեղ ավելի շատ ոստիկան կար, քան քաղաքացի: Հնարավոր չէ չքմեղանալ, ասել, որ մենք չգիտենք՝ ով տարավ: Հատկապես, որ այդտեղ դրված էին պետական սիմվոլներ, բանակի սիմվոլը: Տարածքը հազար կողմից նկարահանվում է, եւ իրենք՝ ոստիկանները թող գտնեն կադրերով, թե ինչպես եւ ով հանեց հուշաքարը»:

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին նույնպես զայրացրել էր քարի անհետացման փաստը:

«Շարունակվում է այն հանցագործությունը, որը այստեղ սկսվել է 2012 թվականի հունիսի 17-ին: Մենք տեսնում ենք այդ հանցագործության շարունակությունը», - համոզմունք հայտնեց նա:

Խոչընդոտված երթ

Նախքան քարի անհետացման լուրը, ակցիայի մասնակիցները ոստիկանների պատին էին հանդիպել «Հարսնաքարից» դրա սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի տան ուղղությամբ երթ կազմակերպելիս: Ակցիայի մասնակիցները ոստիկաններին մեղադրում էին Սահմանադրության եւ միջազգային կոնվենցիաները խախտելու մեջ:
Երեւանի փոխոստիկանապետն անընդհատ կրկնում էր. - «Ձեր գործողությունները անօրինական են: Կազմակերպիչներին կներկայացնենք ոստիկանություն»:

Երբ արդեն ավարտվեց երեկվա ակցիան, 6-7 ակտիվիստ փորձեց քայլել Բաբաջանյան փողոցով, ասում էին՝ այդպես պետք է գնան իրենց տուն: Բայց տասնյակ ոստիկաններ արգելում էին:

Ակտիվիստնդերը զանգարահեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Պաշտպանի ներկայացուցիչ Հաբեթ Մարտիրոսյանը փորձեց Վալերի Օսիպյանից պարզաբանում ստանալ: Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ խախտվել է օրենքը:

Ակտիվիստները պաշտպանի ներկայացուցչի հեռանալուց հետո էլ շարունակում էին մնալ ոստիկանական պատի դիմաց: Ի վերջո փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նրանց ուղեկցեց ակցիայի մասնակիցներից մեկի տուն: Ակտիվիստների փոխանցմամբ` զրույցը շարունակվել է քաղաքացիների իրավունքների թեմայով: