Դատավճիռ՝ հօգուտ թոշակառուին «մեյմուն, տականք» անվանողի

Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց թոշակառու Անիկ Դավթյանի եւ լրագրող Ծովինար Նազարյանի հայցերն ընդդեմ 17/4 տեղամասային ընտրական հանձնաժողովի Հանրապետական նախագահ Տիգրան Վիրաբյանի:
75-ամյա թոշակառու Անիկ Դավթյանն ու լրագրող Ծովինար Նազարյանը դատարանից պահանջում էին պարտավորեցնել Տիգրան Վիրաբյանին, որ իրենց հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար հրապարակային ներողություն խնդրի, այդ գործողությունը տեսաձայնագրվի եւ տեղադրվի YouTube կայքում, ինչպես նաեւ` յուրաքանչյուրին պաշտոնյան վճարի մեկ միլիոն դրամ:

Նախագահական ընտրությունների ժամանակ 17/4 Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության արդեն նախկին պետ Տիգրան Վիրաբյանը վեճի էր բռնվել ընտրելու եկած 75-ամյա թոշակառու Անիկ Դավթյանի հետ: Կինը փորձել էր ստուգել, թե արդյոք Ռուսաստանում բնակվող որդիների անվան դիմաց քվեարկված չէ: Այդ ամենը նկատած հանձնաժողովի նախագահը տարեց կնոջն անվանել էր «դերասան, մեյմուն, տականք»: Այդ վեճի վերաբերյալ տեսանյութը տարածվել էր YouTube-ում:

Նման բառապաշարով հանձնաժողովի նախագահը խոսել էր այդ տեղամասում գտնվող, քվեարկության գործընթացը դիտարկող ու նկարահանող լրագրող Ծովինար Նազարյանին՝ սպառնալիքներ հնչեցնելով նրա հասցեին: Դատարանը, սակայն, ներկայացված տեսանյութերը, որտեղ երեւում է կատարվածը, չհետազոտեց եւ որոշում կայացրեց ի օգուտ Հանրապետական կուսակցության ներկայացուցչի: Դատավոր Լեւոն Արազյանը վճռեց, որ Տիգրան Վիրաբյանը թոշակառուի եւ լրագրողի պատիվն ու արժանապատվությունը չի վնասել, հետեւաբար եւ պարտավոր չէ հատուցել պատճառված վնասը՝ ըստ էության ամբողջությամբ մերժելով հայցերը։

Այսօր դատարան եկած թոշակառու Անիկ Դավթյանը, տեղեկանալով մերժման մասին, սկզբում տարակուսեց, զարմացավ, հետո էլ զայրացավ։

«Մտածում էի, որ նորմալ որոշում կկայացնի դատարանը։ Ես էլ կարող եմ այդպիսի բառեր ասել իր մասին, ես այդ ժամանակ պետք է ասեի, բայց չեմ ասել՝ մտածելով, որ դատարանը նորմալ կվերաբերվի այդ բոլորին», ֊ ասում է թոշակառու կինը, - « Բայց տեսնում եմ, որ ի՞նչ դատարան։ Ճիշտ են ասում, որ դատարանները իշխանության մասն են կազմում։ Մտածում էի, որ կպատժեմ այդ ձեւով իրեն, բայց տեսնում եմ, որ արժեք չունեցավ»։

Անիկ Դավթյանը, ում երեք զավակները Ռուսաստանի Դաշնությունում են ապրում, ասում է, որ այս պարագայում արդեն ինքն ու ամուսինն էլ հավանաբար մտածեն երկիրը լքելու մասին:

Թոշակառու Դավթյանի եւ լրագրող Նազարյանի փաստաբան Լուսինե Հակոբյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ դատարանի այսօրվա որոշումները իր համար «տարակուսելի» են:

«Կային բոլոր ապացույցները, պատասխանող կողմը որեւէ առարկություն չէր ներկայացրել վիրավորանքի փաստի առնչությամբ, վիրավորանքի փաստը ավելի քան ապացուցված էր, առկա էր տեսագրությունը, առկա էին վկաներ, եւ այս պարագայում ինձ ուղղակի շատ հետաքրքիր է ստանալ դատարանի վճիռները, եւ տեսնել, թե աշխարհի տակ ի՞նչ հիմնավորմամբ էր մերժվել այդ հայցը», ֊ մեկնաբանեց փաստաբանը։

Հանրապետական կուսակցության ներկայացուցչի կողմից վիրավորանքների արժանացած թոշակառու կինը եւ լրագրողը կբողոքարկեն դատարանի որոշումները վերաքննիչ ատյան: