Նալբանդյանը Ստրասբուրգից մեկնեց Վարշավա

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը, ով երեկ Ստրասբուրգում մասնակցեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին, նույն օրը ԵԽ-ի կենտրոնակայանում բացել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ արձանագրության ստորագրման արարողությունը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` արարողությանը ներկա էին Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ-ի նախագահը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահը, արձանագրությունը ստորագրող շուրջ երկու տասնյակ պետությունների ներկայացուցիչներ։

Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը աջակցում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների իրագործման վերահսկողական մեխանիզմի կատարելագործմանը, եւ 15-րդ արձանագրությունն այդ գործընթացի կարեւոր մաս է կազմում։ Նա հույս է հայտնել, որ 15-րդ արձանագրությունը կստորագրվի եը կվավերացվի ԵԽ-ի բոլոր անդամ պետությունների կողմից, ինչը հնարավորություն կընձեռի ՄԻԵԴ-ին առավել արդյունավետ աշխատել։

Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նախագահը կարեւորել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության վերջնականացումը եւ հույս հայտնել, որ դրա մշակումը ավարտին կհասցվի Հայաստանի նախագահության ընթացքում։

Նույն օրը տեղի են ունեցել Նալբանդյանի հանդիպումները Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատայինի-Դրագոնի, ԵԽԽՎ-ի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի եւ ՄԻԵԴ-ի նախագահ Դին Շպիլմանի հետ, ԵԽ-ի կենտրոնակայանում նա մասնակցել է «Եվրոպայում քաղաքական ծայրահեղականության վերելքը. մեր պատասխանը» խորագրով քննարկմանը:

Ստրասբուրգում Էդվարդ Նալբանդյանն ու Ստրասբուրգի քաղաքապետ Ռոնալդ Ռիեսը մասնակցել են ԵԽ-ում Հայաստանի նախագահության խորհրդանիշով տրամվայների շնորհանդեսի արարողությանը։

Արարողությանը հանդես գալով ողջույնի խոսքով՝ Նալբանդյանն ասել է, որ մի քանի ամիս Ստրասբուրգի բնակիչներն ու քաղաքի հյուրերը կշրջեն Հայաստանի դրոշի գույներով զարդարված տրամվայներով, որոնք հազարավոր ուղեւորներին կփոխանցեն հայ ժողովրդի սրտի ջերմությունը, նրա ցանկությունը` 800 միլիոն եվրոպացիների հետ կիսելու խաղաղ երկինք եւ կառուցելու արժանապատիվ ապագա։

Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը մեկնել է Լեհաստան՝ միանալու պաշտոնական այցով Վարշավա ժամանող նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը։