Սերժ Սարգսյանը մեկնում է Լեհաստան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը օտարերկրյա այցերից մեկի ժամանակ, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր պաշտոնական այցով մեկնում է Լեհաստան:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի, Սենատի նախագահ (մարշալեկ) Բոգդան Բորուսեւիչի, վարչապետ Դոնալդ Տուսկի հետ:

Երկու երկրների նախագահների բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն եւ բանակցությունների արդյունքների վերաբերյալ Սարգսյանի եւ Կոմորովսկիի համատեղ մամուլի ասուլիսը:

Հայաստանի եւ Լեհաստանի նախագահները Վարշավայում կմասնակցեն նաեւ հայ - լեհական գործարար համաժողովի փակման արարողությանը:

Պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: